ԿարևորՀասարակություն

Կենսաթոշակային նոր համակարգի ներդրումը նոր մասնագետների պահանջարկ կձեւավորի

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Աշխարհը ծերանում է աննախադեպ արագությամբ: 2050 թվականին 60 եւ ավելի տարիք ունեցող մարդկանց թիվն աշխարհում ավելի շատ կլինի, քան մինչեւ 15 տարեկանների: Հայաստանի բնակչության կեսը 2050-ին կլինի 50 տարեկանից բարձր:
Այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ներկայացված մտահոգիչ այս վիճակագրությունը ենթադրում է կենսաթոշակային խնդիրների շարք: Որպես դրանց լուծում` զարգացած երկրներն ընտրել են կենսաթոշակային բարեփոխումները: Մեր երկիրը հետեւում է այդ երկրների փորձին:
Տնտեսագիտական համալսարանում անցկացրած բացի դասի ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ուսանողներին ներկայացրեց եռաստիճան կենսաթոշակային նոր համակարգը` հայտնելով, որ կենսաթոշակային բարեփոխումները հատկապես երիտասարդ սերնդին են վերաբերում, եւ որ 2014-ից արդեն անցնելու ենք պարտադիր կուտակային համակարգին:
Ներկայում գործող կենսաթոշակային համակարգով քաղաքացու կենսաթոշակը կախված է աշխատանքային ստաժից: Իսկ բարեփոխված համակարգով անձի կենսաթոշակը կձեւավորվի աշխատունակ տարիքում կատարած եւ կուտակված վճարումներից։ «Մարդը կստանա համարժեք փոխհատուցում իր կորցրած եկամտին»,- բարեփոխումների իմաստն այսպես պարզաբանեց Ասատրյանը:
Կենսաթոշակային նոր համակարգը կունենա  երկու կենսաթոշակային բաղադրիչ` պարտադիր և կամավոր կուտակային: Պարտադիր կուտակային բաղադրիչը կսկսի գործել 2014թ. հունվարից, իսկ բարեփոխումների արդյունքները, Ասատրյանի դիտարկմամբ, նկատելի կլինեն 10-20 տարի հետո:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում «Կոլեկտիվ համակարգերի կառավարում» անվանմամբ նոր ուսումնական ծրագիր է ներդրվել: Ներդրվելիք կենսաթոշակային համակարգը բարդ է, բազմաստիճան: Բարեփոխումները պահանջում են նոր գիտելիքներ, նոր մտածելակերպ, ուստի ներդրվող ուսումնական ծրագրի շնորհիվ հետագայում համակարգը ապահովված կլինի կենսաթոշակային ոլորտի որակավորված մասնագետներով, որոնք առաջիկայում շուկայում մեծ պահանջարկ են ունենալու:

Թողնել պատասխան

Back to top button