ԿարևորՄշակույթ

Ակադեմիականի բալետային խումբը տանիք է փնտրում

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հայկական բալետում տիրող բազմաթիվ խնդիրներին այսօր գումարվել է ևս մեկը՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադմիական թատրոնի բալետային խումբը մնացել է առանց տանիքի։ Թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանն այսօր լրագրողներին տեղեկացրել է , որ կոլեկտիվին հրահանգված է դուրս գալ թատրոնից, քանի որ թատրոնը վերանորոգվում է, իսկ թե 86 հոգանոց կոլեկտիվը որտեղ պետք է շարունակի աշխատանքը, պարզ չէ։
Ռուդոլֆ Խառատյանը հիշեցրել է, որ բալետը ծանր ու լուրջ աշխատանք է և այս ժանրում աշխատող մարդիկ չեն կարող ամիսներ շարունակ պարապուրդի մատնվել։
«Պարողի մկանները պետք է անընդհատ մարզված վիճակում լինեն»,- ասել է ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստերը, իսկ այն վերաբերմունքը, որն այսօր դրսևորվում է բալետի հանդեպ, Խառատյանը բնութագրել է անլուրջ և  ոչ պրոֆեսիոնալ։
2009 թվականին Միացյալ նահանգներից վերադառնալով Հայաստան, նրան անմիջապես վստահվեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստերի պաշտոնը։ Երեք տարիների ընթացքում Ռուդոլֆ Խառատյանն աշխատել է հայ բալետին նվիրել հնարավորությունների առավելագույնը՝ փորձելով անտեսել ու հաղթահարել հայաստանյան բալետին բնոորշ բոլոր դժվարությունները, իսկ դրանք ոչ մեկն են և ոչ էլ երկուսը։
«Նախ այս ոլորտում ոչինչ պլանավորված չէ, ամիսներ շարունակ կարող ես աշխատել բեմադրության վրա՝ չիմանալով անգամ այն կֆինանսավորվի՞, թե՞ ոչ»,- ասում է Խառատյանը։

 

 

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button