ԿարևորՍպորտ

Հայաստանի հավաքականին անհրաժեշտ է նաեւ բախտ

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»
Վաղը «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա Հայաստան- Իտալիա հանդիպումը 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում։
Մենք կփորձենք մեր լավագույն խաղը խաղալ, սակայն մեզ անհրաժեշտ է նաև բախտ, խաղից մեկ օր առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
«Տրամադրությունը բարձր է, քանի որ առաջին անգամ ենք խաղում Իտալիայի հետ: Դա մեծ տոն է: Գիտեք, որ կորուստներ կան: Ովքեր կան, կազմ ու պատրաստ են: Արթուր Սարկիսովը թեթև վնասվածք էր ստացել, սակայն նա արդեն ապաքինվել է: Այն 22 խաղացողները, որոնց ցանկանում ենք ընդգրկել հայտացուցակում, արդեն հայտնի են»:
Իտալիան տակտիկապես շատ լավ է պատրաստված, առանձնանում է իր թիմային լավ խաղով:
Իտալիայի այսօրվա հավաքականը առանձնանում է նաև նրանով, որ ստեղծագործ ֆուտբոլ է խաղում, ասում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը՝ Իտալիայի հավաքականի  ներկայիս մարզչին համարելով այս երկրի պատմության մեջ լավագույններից մեկը, քանի որ տակտիկապես շատ ուժեղ մարզիչ է ու կարողանում է խաղի ընթացքում տարբեր լուծումներ գտնել:
Մենք ուսումնասիրել ենք նրանց խաղը ու կփորձենք հաջող հանդես գալ, վստահեցրեց Վարդան Մինասյանը:
«Ես իմ ֆուտբոլիստներից առաջին հերթին ակնկալում եմ լավ խաղ: Ես գտնում եմ, որ մեր թիմը ներկայումս այն գրավիչ խաղը չի ցուցադրում, ինչը որ կար անցած տարի: Վերջին 2 խաղը մեզ մտածելու շատ բան տվեց: Մեզ մոտ չէր ստացվում հարձակման գծի խաղը, իսկ մեր դարպասին շատ քիչ հարված է եղել»:
Ինչպիսի՞ ֆուտբոլ է խաղալու Հայաստանը՝ հարձակողակա՞ն, թե՞ պաշտպանողական: Լրագրողների հարցին ի պատասխան Վարդան Մինասյանը պատասխանեց, որ  ամեն թիմ խաղում է այնքան, որքան մրցակիցն է թույլ տալիս:
«Մենք կփորձենք գտնել բալանսը»,- ասաց՝ պարզաբանելով, որ առիթի դեպքում հարձակվելու է Հմեր թիմը, հարկ եղած դեպքում՝ պաշտպանվելու:

 

Թողնել պատասխան

Back to top button