ԿարևորՀասարակություն

Բացահայտումներ առողջապահության ոլորտում (լրացված)

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

 

Վարչապետի գլխավորությամբ առողջապահության նախարարությունում  հրավիրված ու այնքան սպասված խորհրդակցությունը լրագրողների համար ավելի  շուտ է ավարտվել, քան՝ ոլորտպ աշխատակիցների: Նրանք լսել են Պետական եկամուտների կոմիտեի նախագահ ու տեղակալի, ֆինանսների նախարության ներկայացուցչի, Տնտեսական մրցակցության պաշտպանության  պետական հանձնաժողովի նախագահի զեկույցները, առողջապահության նախարարի  խոսքն ու վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ոլորտի պատասխանատուին ամեն կերպ աջակցելու և վճռական քայլեր իրականացնելու հորդորը:
Ապա խորհրդակցությունը շարունակվել է արդեն առանց լրագրողների:

Բացահայտվել է 140 մլն դրամի անարդյունավետ ծախս

Աշխարհի գրեթե բոլոր երկրներում առողջապահությունն ու կրթությունը ամենակոռումպացված ոլորտներն են: Դրանց դեմ տարիներ շարունակ պայքարում են բոլորը: Հայաստանն էլ հետ չի մնում  համաշխարհային այդ միտումներից ու ի թիվս այլ ոլորտների անխնա ստուգումներ  է սկսել այս անգամ առողջապահության նախարարության գնումների  համակարգում ու դեղերի ձեռքբերման շուկաներում:
Ինչպես և սպասվում էր, բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել: Բացահայտվել են 84,2 մլն դրամի չհիմավորված գնումներ և 140 մլն դրամից ավել անարդյունավետ ծախսեր՝ ընդամնեը երկու անուն դեղերի մասով: Ընդամենը մեկ ու կես ամիս է, ինչ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների  կոմիտեն ստուգումներ է իրականացրել բուժհաստատություններում: Արդյունքում 21 մլն դրամ լրացուցիչ գումար է հայտնաբերվել:
Նույն՝ ՊԵԿ-ի աշխատակիցները հսկողական գործողություններ են  իրականացրել պետական պատվերի, վճարովի ծառայությունների, առանձին ծառայությունների գծով սահմանված սակագների, հիվանդությունների առանձին տեսակների հաշվառումների մասով:
Ուսումնասիրված կազմակերպություններում տնտեսական աճին համարժեք ցուցանիշեր չեն արձանագրվել: Տարբեր պատճառաբանություններով կազմակերպությունների շուրջ հիսուն տոկոսը վստահեցրել է, որ վնասով է աշխատում: Պոլիկլինիկաների շուրջ 98 , իսկ հիվանդանոցների շուրջ 75 տոկոսն աշխատում է պետպատվերի շրջականերում: Սա համադրելի չէ, ասումէ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը։

«Քաղաքացիներին մատուցվող ծառայությունները միշտ չի, որ հաշվառվում են, ՀԴՄ- ների միջոցով են դրանք հաշվառվում, սակայն, միշտ չէ, որ կտրոնները ատլիս են, երեկոյան ժամերին ընդհանրապես խոսք չկա: Ծառայություններ կան, որ պետպատվերին զուգահեռ իրականացվում են, ու չեն հաշվառվում»,- մանրամասնում է Արմեն Ալավերդյանը:
Տարեցտարի   շահութահարկի տեսակարար կշիռը իրացման շրջանառության նկատմամբ նվազում է,  2010-ին ավելի բարձր է եղել, քան 2011-ին, նույնը նաև 2012-ի առաջին կիսամյակին է վերաբերում, իսկ ամենամեծ  մտահոգությունները աշխատավարձերի վճարմանն են վերաբերում:


Բուժաշխատողների աշխատավարձի չափից նախարարը ամաչում է

Միշտ չէ, որ աշխատավարձը հայտարարագրվում է, այդուհանդերձ՝ բուժաշխատողների  միջին աշխատավարձի աճ տեղի ունեցել է՝ 53 հազար դրամից դառնալով 85 հազար դրամ, սակայն, ՊԵԿ պաշտոնյանի դիտարկմամբ,  ոլորտը միջին ցուցանիշերից հետ է մնում:
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ամաչում է, որ իր ղեկավարծ ոլորտում աշխատավարձերը ցածր են։ «Կառուցվածքից է գալիս այն, որ մենք այսօր ունենք բժշիկների ցածր աշխատավարձ: Այսօր մեր բժիշկները իսկապես շատ ծանր սոցիալական վիճակում են գտնվում: Համակարգի միջին աշխատավարձը , որ հնչեց՝ 80 հազար դրամ, նույնիսկ ես ամաչում եմ դրա համար, որ բժիշկը կարող է ութսուն հազար դրամ աշխատավարձ ստանալ այն ծանր աշխատանքի դիմաց, որ նա կատարում է»:
Շարունակելով մտահոգությունների թեման՝ նշենք, որ առանձին կազմակերպություններում վարձատրման ստվերայնության դեպքեր են բացահայտվել՝ նվազագույն աշխատավարձի ցածր ձևակերպումներ, համատարած ցածր աշխատավարձեր, իսկ առանձին դեպքերում՝ ամենաբարձր աշխատավարձ  ստացող բժիշկները չնչին վարձատրություն են ստացել:
ՏՄՊՊՀ-ն ևս բազմաթիվ խնդիրներ է բացահայտել: Տնտեսվարողները  հակամրցակցային գործողություններ են իրականացրել, բուժհաստատությունները  օրենքով ասհմանված կարգով մրցույթներ չեն իրականացրել, գնումների  134   գործընթացներից    մոտ 100-ը  մրցույթներ չի իրականացրել, բուժհաստատություններն  իրենք են որոշել , թե ումից ձեռքբերումներ իրականացնեն:

«Միակողմանի գործարքերի ժամանակ բազմաթիվ դեպքերում արտահայտված գինը շատ ավելի բարձր է եղել, քան այդ դեղի իրական գինը»,- ասում է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյան:

Կառավարության ղեկավարի ակնկալիքները

Կառավարության ղեկավարն ակնակալում է, որ բուժհաստատություններում  աշխատավարձի աճ է գրանցվելու,    ստվերային աշխատավարձերի վճարումից են բուժհաստատությունները հրաժարվելու։ Նրանք ամեն ինչ պետք է անեն, որ    ռիսկային հաստատությունների ցանկերի մեջ չընկնեն, հակառակ դեպքում՝ կզրկվեն պետական ֆինանսավորումից, ԱՆ  կիրականացնի  որակական հատկանիշների համապատասխանության վերաբերյալ ստուգումներ, բուժհաստատությունները կզրկվեն  առողջապահական ծառայություններ իրականացնելու լիցենզիաներից:
«Մի ստիպեք, որ  մենք կազմենք ռիսկային հիմնարկների ցուցակ և հարկերից չարամտորեն խուսափելու հոդվածով ստուգումներ իրականացնենք։ Մենք այսօր այդ գործիքին չենք ուզում դիպչել, չենք ուզում կիրառել քրեական հոդվածներ,  բայց դաշտում պարտավոր ենք էապես կրճատել ստվերայնությունը»,- դիմելով առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին՝ ասաց Տիգրան Սարգսյանը:

 

Թողնել պատասխան

Back to top button