ԿարևորՏնտեսական

Հայաստանից արտահանողը խոշոր բիզնեսն է, փոքրն ու միջինն այս հնարավորությունը չունի

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»
Հայաստանից արտահանումն աճում է, սակայն ոչ ներմուծման հաշվին: Այն առավելապես արդյունաբերության հաշվին է` շուրջ 67 տոկոսով: Վերջին տարիներին աճել է թարմ մրգերի, բանջարեղենի, հյութերի, հանքային ջրերի  արտահանումը երկրից, կտրուկ կրճատվել է ցեմենտի արտահանումը, սակայն այս ամենով հանդերձ արտահանվող ապրանքատեսակները շարունակում են շատ քիչ լինել` ընդամենը շուրջ 25-ը:
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը դիտարկում է անում, որ Հայաստանից արտահանման հիմնական ծավալն ապահովում են խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, իսկ փոքր ու միջին բիզնեսը դեռեւս արտահանման հնարավորություններից զուրկ է մնում: Խնդրի լուծումը տնտեսության դիվերսիֆիկացումն է,  ախտորոշում է Գագիկ Մակարյանը:
Գործատուներն արտաքին շուկաների մասին տեղեկատվության պակաս ունեն, չկան տեղական լաբորատորիաներ, որոնք լիարժեք պատասխաններ տան ապրանքի որակի մասին, չկան փաթեթավորման եւ անվտանգության ապահովման նորմեր, հաճախ չկան խմբաքանակներ, որոնք միավորելով կարելի է միանգամից մեծ ծավալով արտահանել, իսկ փոքր ծավալով արտահանումն անիմաստ է ու ծախսատար:
Եւ ի վերջո` քիչ է միջազգային ճանաչում ունեցող սուպերմարկետների ցանցի հետ աշխատելու փորձառությունը: Մենք նաեւ ներկայանալու խնդիր ունենք, վստահ է Մակարյանը:
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահի համոզմամբ` դեռ երկար ժամանակ է պետք` մրցակցության ապահովման խնդիրները լուծելու եւ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար: Ինչ անել արտահանման ավելացման ուղղությամբ. Գագիկ Մակարյանն իր առաջարկները դեռ պատրաստվում է կառուցել եկող տարվա բյուջեի վերջնական տեսքի վրա: Սակայն դրանից զատ, ընդգծում է, ամեն ինչ անելիս պետք է շտապել, քանի որ ամեն օր նոր հնարավորություններ ենք բաց թողնում:

Թողնել պատասխան

Back to top button