ԿարևորՔաղաքական

ՀՅԴ- ն շարունակում է պնդել. Հայաստանը պետք է հետ վերցնի ստորագրությունները

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Լրացավ հայ- թուրքական արձանագրությունների ստորագրման 3-րդ տարին: Այդ առթիվ թեմային այսօր անդրադարձել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Ըստ նրա` դրանք նույն վիճակում են, ինչ 3 տարի առաջ, երբ ստորագրվել էին, հետեւաբար՝ «Հայաստանը հիմնավորված պատճառ ունի հայ-թուրքական արձանագրություններից ստորագրությունները հետ վերցնելու եւ այսօր դա պետք է կատարվի հնարավորինս շուտ»:
«Մեկնաբանությունները, թե արձանագրությունները փաստորեն մահացել են, այնքան էլ իրականությանը չի համապատասխանում, իրավականորեն դրանք կան եւ իրավական փաստաթղթեր են»,- հայտարարեց դաշնակցական գործիչը:
Կիրո Մանոյանը նկատեց, որ կա նաեւ թուրքական կողմի մեկնաբանությունը, որ այդ արձանագրությունները կենդանի են, մահացած չեն, այդ ուղղությամբ աշխատանք է տարվում: «Դա կիսով չափ է իրականությանը համապատասխանում, մասնավորապես՝  այն, որ դրանք կան, բայց  ոչ մի աշխատանք չի կատարվում»,- նշեց նա։
ՀՅԴ տեսակետը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ չի փոխվել, վերահաստատեց Կիրո Մանոյանը՝ հավելելով, որ արձանագրությունները  վատն են եւ Հայաստանի շահերից չեն բխում: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որ  այդ արձանագրությունները դադարեն գոյություն ունենալուց, որի միջոցներից մեկը Հայաստանի կողմից ստորագրությունը հետ վերցնելն է։
«Անհրաժեշտ է, որ Հայաստանը հետ վերցնի իր ստորագրությունները, որովհետեւ ներկա պահով դրանք ոչ թե օգուտ են տալիս Հայաստանին, այլ՝ Թուրքիային:  Թուրքիան արձանագրությունները օգտագործում է որպես լծակ՝ Արցախի հարցով դերակատարություն ստանձնելու համար, դրա համար էլ պետք է հետ վերցնենք մեր ստորագրությունները»։
Կիրո Մանոյանը կարծում է, որ Հայաստանի կողմից ստորագրությունների հետ վերցնելը չի լինի մինչեւ փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունները, քանի որ դրանցից ստացած միակ օգուտը Հայաստանի իշխանությունների՝ լավ գործընկերոջ իմիջ ձեռք բերելն էր մի շարք պետությունների աչքում: Մանոյանը նաւե շեշտեց, որ արձանագրություններից Հայաստանի ստորագրության հետ վերցնելը տարածաշրջանի կայունթյանը որեւէ կերպ չի վնասի եւ Հայաստանը պետք է դա անի հնարավորինս շուտ եւ, բնականաբար, աշխարհը կընկալի, որ դրա մեղավորությունը Թուրքիայինն է, ասաց բանախոսը։
Անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկմանը` ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանը ոչ մի քայլ չի ձեռնարկի, եթե իհարկե, Ալիեւը խելքը չի կորցրել:

«Ճիշտ է, ինչ- որ սպառնալիքներ հնչում են, բայց հուլիսից կա պայմանավորվածություն, որ օդանավակայանը պետք է բացվի,  Ադրբեջանը եւ Թուրքիան այսօր փորձում են Արբեջան- Հունագրիա գործարքի արդյունքում ստեղծված իրավիճակը բարդել Հայաստանի վրա՝ այն կապելով օդանավակայանի հետ»։
Օդանավակայանը նորմալ կաշխատի, Ադրբեջանն էլ ոչինչ չի կարող անել, համոզմունք հայտնեց դաշնակցական գործիչը: Նրա փոխանցմամբ` իրականությանը չեն համապատասխանում եւ հերթական սպառնալիքների շարքից է այն, թե Թուրքիան կարող է փակել օդային սահմանը:
Ի պատասխան հարցի, թե ինչու է ձգձգվում Ստեփանակերտի օդանավակայնի առաջին թռիչքը` Կիրո Մանոյանն ասաց, թե իր տեղեկություններով զուտ տեխնիկական պատճառներով: Կիրո Մանոյանը նաեւ կարծիք հայտնեց, որ Ստեփանակերտի օդանավակայնի բացումը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը նպաստող ազդակ է:

Թողնել պատասխան

Back to top button