

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Աշխարհի առաջին քրիստոնեական պետությունը
Հաջողված նախաձեռնություն. այսպես է բնորոշում Հայաստանում ՌԴ արտակարգ ու լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն գիազբոսշրջային առաջին արշավը, որն ացկացվեց մեր երկրում սեպտեմբերի 30- ից հոկտեմբերի 9- ը: Անցած տասն օրերի ընթացքում Ռուսաստանի և Հայաստանի տուրիզմի ակադեմիաների ուսանողներն ու դասախոսներն այցելել են Հայաստանի տեսարժան վայրեր, մանրամասնորեն ծանոթացել մեր երկրի պատմամշակութային արժեքներին:
Հայ և ռուս ժողովուրդները դարերի բարեկամական կապեր ունեն, ասում է ռուս դիվանագետը։ Նրա կարծիքով՝ հայ ժողովուրդն աշխարհին պատմելու շատ բան ունի. ի վերջո Հայաստանում է առաջինն ընդունվել քրիստոնեությունը:
«Հայ ժողովրդի հետ շփվելու լավագույն միջոցն այս գիտազբոսաշրջային արշավն էր, այն թույլ է տալիս միմյանց լավ ճանաչել, ռուս ժողովրդի առջև բացում է Հայաստանի պատմության դեռևս անհայտ էջերը: Արշավի ընթացքում մենք շատ բան իմացանք քրիստոնեության մասին»,- նշեց դեսպանը։
Ինչո՞ւ են մարդիկ գնում Հայաստանից: Նրանք Հայաստանից հեռանալու օբյեկտիվ պատճառներ ունեն: Իսկ ծրագիրը ՌԴ մեկնողներին պաշտպանում է։
Վ. Կովալենկո
Հայաստանը մշակութային երկիր է, աշխարհին ներկայացնելու շատ բան ունի, սակայն միայնակ ոչնչի հասնել չի կարող: Այդ հարցում ռուս ժողովուրդը մեզ կօգնի, հավելում է Տուրիզմի հայկական ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Մինասյանը՝պարզաբանելով՝ ռուսներն աշխարհի այն ժողովուրդներից են, որ շատ են սիրում հանգստանալ, շրջում են աշխարհով մեկ ու Հայաստանի մասին կարող են շատերին պատմել։
Զբոսաշրջիկներին հատկապես ոգևորել է հայ ժողովրդի բարությունն ու հյուրասիրությունը: Ավելին՝շրջելով բազմաթիվ գյուղերում նրանք հանդիպել են գյուղաբնակների հետ, գիշերել են դրսում՝ վրանների տակ, զարմացել, որ յուրաքանչյուրն անգիր գիտի իր բնակավայրի հուշարձանների պատմությունը:
Զբոսաշրջության միջազգային ռուսական ակադեմիայի ռեկտոր Իգոր Զորինը նկատում է, որ «Հայաստանի պատմամշակութային ժառանգության մասին աշխարհում քիչ բան գիտեն: Ամեն մի այցելու պետք է իմանա՝ Հայաստանն առաջինն է աշխարհում, որ ընդունել է քրիստոնեությունը»:
Հայերին ուժով չեն տանում Ռուսաստան
Գուցե ռուս զբոսաշրջիները Հայաստան քիչ են գալիս, սակայն որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանից մեր հայրենակիցները հիմնականում հենց Ռուսաստան են արտագաղթում: Վերջին տարիներին ՌԴ միգրացիոն ծառայությունն իրականացնում էր Համերկրացիներ ծրագիրը, որը հնարավորություն է տալիս Հայաստանի քաղաքացիներին ընտանիքներով մեկնել Ռուսաստան, ստանալ այդ երկրի քաղաքացիություն եւ մշտական աշխատանք ունենալ:
Ծրագիրը մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին մտահոգել է:
«Ո՞վ է հային տանում Հայաստանից: Մենք որևէ մեկին ուժով չենք տանում, դուք մտածում եք, որ եթե դադարեցվի ծրագիրը, հայերը Ռուսաստան չե՞ն գնալու: Իսկ ինչո՞ւ են մարդիկ գնում Հայաստանից: Նրանք Հայաստանից հեռանալու օբյեկտիվ պատճառներ ունեն: Իսկ ծրագիրը ՌԴ մեկնողներին պաշտպանում է, օգնում է, որ իրենց ապահով զգան, բարձր վարձատրվեն: Եթե ծրագիրը փակվի, միգրացիան կանգ չի առնի»,- ասում է ՀՀ- ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն։
Երկկողմ գործակցության ասպեկտները
Հավելենք, որ հոկտեմբերի 12-ին Երևանում անցկացվելու է Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որը նախագահելու են հանձնաժողովի համանախագահներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:
ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի տեղեկացմամբ՝ հանձնաժողովը քննարկելու է երկկողմ հարաբերությունների ամենահրատապ հարցերը` սկսած տնտեսական, ռազմատեխնիկական համագործակցությունից մինչեւ մշակութային կապեր:
«Հայ-ռուսական հարաբերությունները զարգացման բարձր մակարդակի վրա են: Նման գնահատականը բնորոշ է երկկողմ գործակցության ողջ ասպեկտին»,-ասաց դեսպանը:
Երեւանում անցկացվելու է նաեւ հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ ֆորումը, որին մասնակցելու հայտ են ներկայացրել ՌԴ 16 տարածաշրջանների պատվիրակություններ` նահանգապետերի, տարբեր գերատեսչությունների ղեկավարների գլխավորությամբ: Հայաստան ժամանող բոլոր հյուրերը կուղեւորվեն մարզեր՝ տեղում առեւտրատնտեսական կապերի ընդլայնման հնարավորություններին ծանոթանալու նպատակով:
Անցկացվելու է նաև «Ռուսերեն խոսքի 5 օրեր» միջոցառումը` մեկտեղելով ռուսախոս տարբեր մասնագետների` քննարկելու կրթական, մեթոդոլոգիական, մշակութային համագործակցության խնդիրներ: Երեւանում կբացվի «Ռուսական գրքի տուն» երրորդ միջոցառումը: