ԿարևորՔաղաքական

Օրբանի որոշումն անընդունելի է. հունգար մտավորականները Երեւանում

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Այսօր Երևան են ժամանել հունգարացի չորս մտավորականներ: Երկօրյա այցի ընթացքում նրանք ծրագրում են լինել Մեծ եղեռնի հուշահահամիլիրում և այցելել հայ սպա Գուրգեն Մարգարյանի շիրիմը , ով սպանվել էր ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարավի  կողմից Բուդապեշտում 2004 թվականին:
Երևան այցի առաջին իսկ ժամերին հունգարացի պատմաբան Զոլթան Բիրոն, աստվածաբան Գաբոռ Իվանյին, լրագրող Գաբոռ Դեակը և գրող-ճարատարագետ Ռուդոլֆ Ունգվարին հանդիպեցին հայ լրագրողների հետ և ներկայացրեցին սեփական դիրքորոշումները Սաֆարովի արտահանձման և հայ- հունգարական միջպետական հարաբերությունների կասեցման շուրջ:

Ինչպես նշեց այցի նախաձեռնող Գաբոռ Դեակը, հունգարական հասարակությունը բացասաբար ընդունեց իրենց երկրի կառավարության՝ Սաֆարովի արտահանձնման որոշումը։
Ըստ հունգարացի լրագրողի՝ սա ահասկանալի և անընկալելի քաղաքական որոշում էր, որը արժանացավ հունգարացիների մեծամասնության կտրուկ քննադատությանը: Այս այցով հունգարացի մտավորականները ևս մեկ անգամ վերահաստատում են իրենց դիրքորոշումը հուգարա-ադրբեջական խայտառակ գործարքի շուրջ:
Արտահանձման անընդունելի որոշումը կայացվել է բացառապես Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կողմից, ինչին դեմ էին այդ երկրի արդարատության և արտաքին գործերի նախարարները, նշեց աստվածաբան, նախկին պատգամավոր Գաբոռ Իվանյին:
Սաֆարովի քստմնելի ոճիրը անբարոյական է և չունի որևէ արդարացում, ընդգծեց մտավորականը, հիշեցնելով, որ հունգարական դատարանի վճիռը, հաշվի առնելով սպանության հանգամանքները, դատապարտեց ադրբեջանցի ոճրագործին ցմահ ազատազրկման:
Այն գումարը, որը պետք է փակեր Սաֆարովի հունգարական բանտում ցմահ ազատազրկումը` մոտ 1 մլն. եվրո, պետք է տրամադրվի Հունգարիայում 17 դարից գործող հայոց եկեղեցուն, նշեց աստվածաբանը: Նա ցավով նկատեց, որ Հունգարիան մինչ օրս չի ճամաչել Հայոց ցեղասպանությունը:
Գրող-ճարտարագետ Ռուդոլֆ Ունգվարին իր հերթին նկատեց, որ վարչապետ Օրբանի քայլը չբերեց Բաքվից ակնկալվող ֆինանսական դիվիդենդները, սակայն բացասաբար անդրադարձավ Հունգարիայի արտաքին քաղաքական դիրքերի վրա:
Անդրադառնալով Հայաստանի նախագահի և իշխանությունների որոշմանը` կասեցնել միջպետական հարաբերությունները Հունգարիայի հետ, պատմաբան Զոլթան Բիրոն նշեց, որ այն վերաբերվում է միայն իր երկրի կառավարությանը և հունգար ժողովրդին այն չի վերաբերվում:

Թողնել պատասխան

Back to top button