Քաղաքական

Քաղաքական շարժառի՞թ, քննադատելու հետևա՞նք, թե՞ փողերի յուրացում. քաղաքական գործիչները Օսկանյանի գործի մասին

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

 

Քաղաքական շարժառի՞թ, կառավարությանը քննադատելու հետևա՞նք, թե՞ փողերի յուրացում. ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու և «Սիվիլիթասի» գործով հարցաքննության կանչելու հարցը վերջին շրջանի բուռն քննարկվող թեմաներից է։
Քաղաքական գործիչները, քաղաքագետները, վերլուծաբանները, լրագրողներն ու անգամ քաղաքականությունից հեռու մարդիկ, գրեթե բոլորն ուզում են հասկանալ, թե ինչ է կատարվում և ամենագլխավոր՝ թե ինչու:
«Առանձնապես ոչինչ չի պատահել, Վարդան Օսկանյանն ընդամենը միացել է  ՀՀ այն երեք մլն քաղաքացիներին, ովքեր անձեռնմխելիություն չունեն և դրանից տխրել պետք չէ»,- ասում է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։
«Հիմա ես ու նա հավասար ենք: Օրենքի առաջ բոլորն են հավասար։ Վարդան Օսկանյանն էլ հետապնդում էր նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզոււմանյանին»,- հիշեց ԱԻՄ ղեկավարը:

Առայժմ Պարույր Հայրիկյանը որևէ սարսափելի բան չի տեսնում ԱԳ նախկին նախարարին անձեռնմխելիությունից զրկելու հարցում։ «Կմտածեմ քաղաքական ենթատեքստ կա, երբ կալանավորեն Վարդան Օսկանյանին»,- ասաց ԱԻՄ առաջնորդը՝  այդուհանդերձ վստահություն հայտնելով, թե չի կարծում, որ Օսկանյանին մինչ 2013 թվականի ընտրությունները կկալանավորեն։
Հանրապետական Արտակ Դավթյանը համոզված է, որ գործ ունենք փողերի յուրացման ու լվացման փաստի հետ: Ինձ համոզիչ չեն թվում Վարդան Օսկանյանի ներկայացրած պարզաբանումները, ասաց հանրապետական պատգամավորը։
Որևէ մեկն իրավունք չունի մյուսի անձնական հաշիվների մեջ մտնել, հակադարձեց դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Նա ավանդ է ներդրել, որպեսզի ավելացնի գումարի չափն ու օգտագործի այն «Սիվիլիթաս» հիմնադրամի համար, պարզաբանեց դաշնակցական պատգամավորը։
Այս պատմությունը խորհրդավորության շղարշով է պատված, իսկ շղարշից այն կողմ Արծվիկ Մինասյանը ոչ թե քաղաքական ենթատեքստ է տեսնում, այլ Օսկանյան անձի դեմ ուղղված քայլ: Սա իմիտացիոն գործընթաց չէ և առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապ չունի։ Պատճառ, ըստ նրա, իշխանություններին քննադատող նրա հայտարարություններն էին։

Իսկ Օսկանյանի հետ այս կերպ են վարվում, ըստ Արծվիկ Մինասյանի,  որպեսզի դաս լինի բոլոր նրանց համար, ովքեր կհանդգնեն քննադատել իշխանությունների աշխատանքը։

Թողնել պատասխան

Back to top button