Հասարակություն

«Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպության անդամներին զարմացրել են Էջմիածնի դարավոր եկեղեցիները

Սաթիկ Իսահակյան

«Ռադիոլուր»- Էջմիածին

Այսօր Էջմիածնում ավարտվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպության 33-րդ ընդհանուր ժողովը և տնօրենների նիստը: Ժողովի մասնակիցներն այսօր այցելելու են Հայաստանի պատմամշակութային հնավայրեր։
«Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպությունը ստեղծվել է 1993 թ-ին, որի կազմում մինչև օրս ընդգրկվել է 250 քաղաք:
Կազմակերպության նախագահ Հարի Բրինքմանը նշեց, որ իրենց հիմնական նպատակն է համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանումը, պատմական քաղաքների և շրջանների մասին կոնվենցիայի պաշտպանությունը, քաղաքների միջև համագործակցությունը և տեղեկատվության փոխանակումը, միևնույն նպատակներին հետամուտ  այլ միջազգային և տարածաշրջանային ինստիտուտների ու կազմակերպությունների միջև ավելի սերտ համագործակցության ապահովումը, փորձի փոխանակումը:
Կազմակերպությանն անդամակցում են այն քաղաքները, որոնք գրանցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային մշակութային ժառանգության» ցուցակում: Էջմիածինն իր հարուստ պատմամշակութային հնագույն հուշարձաններով 2007 թ-ից վերոհիշյան կառույցի դիտորդ անդամ էր, իսկ 2011թ-ից դարձել է  լիիրավ անդամը:
Էջմիածնի հնագույն հոգևոր մշակութային ժառանգությունները` Մայր տաճարը, սբ. Հռիփսիմե, սբ. Գայանե, սբ Շողակաթ, սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցիները և Զվարթնոցի տաճարը 2000թ-ից ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխաևհային մշակութային ժառանգության» ցուցակում:  Կազմակերպության անդամներն այցելել են քաղաքի տարածքում գտնվող հուշարձանները, Հարի Բրինքմանը զարմացել է 15 դար առաջ կառուցված և մինչև օրս մեզ հասած եկեղեցիների պահպանությամբ:

Թողնել պատասխան

Back to top button