Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
Որքան մոտենում են նախագահի ընտրությունները, այնքան իշխող Հանրապետական կուսակցության հասցեին ավելանում են հին եւ նոր կոալիցիոն գործընկերների քննադատությունները: Այս առումով աչքի է ընկնում Բարգավաճ Հայաստան կուսակցությունը: Ճիշտ է, առայժմ կուսակցությունից պաշտոնական որեւէ հայտարարություն չի հնչել, բայց կուսակցության անունից պարբերաբար հանդես է գալիս Վարդան Օսկանյանը: Մասնավոր անձի հայտարարությունները այսօր հրաժարվեց մեկնաբանել Աժ-ի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Կոալիցիայի ներսում պառակտում կլինի, թե ոչ դեռ պարզ չէ: Ակնհայտ է, սակայն, որ այս պահին տարատեսակ խնդիրներ է առաջանում Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ: Քաղաքական այդ ուժը նախ՝ կասկածանքով է վերաբերվում կառավարության ներկայացրած բյուջեի կատարողականին եւ հաշվետվությանը: Եթե այդպես է, ապա Հանրապետականը նույնպես հարցեր ունի Բարգավաճ Հայաստանին, հակադարձում է Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ-ի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հաջորդ խնդիրը ուղղակիորեն առնչվում է նախագահի ընտրություններին: Բարգավաճ Հայաստանից պատգամավոր Վարդան Օսկանյանն արդեն հայտարարել է, որ պատրաստ է ստանձնել նախագահի թեկնածուի բեռը, եթե այդ քայլին չգնա կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Այս դեպքում Աժ-ի փոխնախագահը վկայակոչում է կոալիցիայի հայտարարությունը, որի տակ ստորագրել էր նաեւ Գագիկ Ծառուկյանը: Էդուարդ Շարմազանովն այսօր հայտարարեց նաեւ, որ «որեւէ քաղաքական գործչի հանդեպ որեւէ քաղաքական հետապնդում Հայաստանում չկա»: Սա, բնականաբար, վերաբերում է Վարդան Օսկանյանին եւ նրա արած հայտարարություններին: Ընտրությունների նախօրեին քաղաքական ուժերը պատրաստվում են հանդես գալ նաեւ նորովի, ասենք՝ առաջարկում են կոալիցիա ստեղծել ժողովրդի հետ: Էդուարդ Շարմազանովին զարմացնում են կոալիցիոն հին կամ նոր գործընկերների այս մտադրությունները:
Աժ-ի փոխնախագահն այսօր անհոգ լինելու կոչ արեց բոլորին: Շարմազանովի խորին համոզմամբ, գործող նախագահ Սերժ Սարգսյանի վարկանիշն այքան բարձր է, որ նախագահի ընտրություններում հիմնական պայքարը գնալու է պատվավոր երկրորդ տեղի համար: «Սերժ Սարգսյանը կընտրվի եւ կվերընտրվի»,- պնդում է Աժ-ի փոխնախագահը: Ի դեպ, Շարմազանովն այսօր հերքեց լուրերը, թե Հանրապետական կուսակցությունը փորձում է ազատվել խմբակցության մեջ ԲՀԿ-ի յուրային համարվող պատգամավորներից: Էդուարդ Շարմազանովի պնդմամբ՝ իրենք չեն փորձել պարզել, թե Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գաղտնի քվեարկության ժամանակ ով ինչպես է քվեարկել: