ԿարևորՔաղաքական

ԵԽԽՎ-ն արժեքների կազմակերպությունից վերածվում է շահերի կազմակերպության, ասում է Դավիթ Հարությունյանը

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

 

ԵԽԽՎ պատվիրակության  կազմում այս կամ այն ներկայացուցչի ընտրությունը յուրքանչյուր քաղաքական ուժի  իրավունքն է, բայց չեմ կարծում, թե լավագույն ուղին է լրացուցիչ անձեռնմխելիություն ստանալու համար, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը ՝ անդրադառնալով պատվիրակության կազմում ԲՀԿ-ն ներկայացնող պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի   ու Վահե Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե պատրաստ են իրենց տեղը զիջել Վարդան Օսկանյանին:
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ավարտից  հետո տարածած հայտարարության մեջ  հայաստանայան պատվիրակության ԲՀԿ-ական անդամներ  Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Հովհաննսիյանը նշել են, որ ցանկացած պահի պատրաստ են իրենց  տեղը զիջել Վարդան Օսկանյանին, քանի որ կարծում են, թե  ԵԽԽՎ պատվիրակ լինելը նրան կօժտի լրացուցիչ անձեռնմխելիությամբ:
«Ես չեմ կարծում, որ սա լավագույն ուղին է, ոչ միայն լրացուցիչ պաշտպանության առումով, այլ նաև այն պատճառով, որ կարծում եմ՝ այս հարցը պետք է բաց քննարկվի ու արդյունքներից պետք է հետևություններ անենք բոլորս»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Նա այսօր հրաժարվեց իրավական գնահատական տալ հարուցված քրեական գործին, բայց համոզմունք հայտնեց, որ Օսկանյանի գործով զարգացումներին ԵԽԽՎ-ն  հետևելու է:
«Այն, որ հարցը լինելու է ԵԽԽՎ ուծադրության կենտրոնում,  մինաշանակ է»:

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում անդրադարձ է եղել նաև Սաֆարովի գործին: Հարցը նախ քննարկվել է ԵԽԽՎ Բյուրոյի նիստում, ապա տեղափոխվել լիագումար նիստերի օրակարգ՝ որպես ընթացիկ հարց: Որևէ բանաձեւ  կամ փաստաթուղթ չի ընդունվել, բայց Դավիթ Հարությունյանի խոսքով՝ արժանացել է բուռն քննարկման:
Ակտիվ են եղել ադրբեջանցի պատվիրակները, արտահայտվել են նաև հունգար պատգամավորները: Նրանցից երկուսն ըստ էության պաշտպանել են հայկական դիրքրոշումը: Իսկ հայկական պատվիրակությունը շեշտել է հատկապես այն գաղափարը, որ խնդիրը որևէ կերպ չի կապվում Ղարաբաղյան հակամարտության հետ, այլ առնչվում է այլատյացությանն ու միջազգային նորմերի խախտմանը:

«Խնդիրը վերաբերում է ԵԽ միջազգային պայմանագրերով սահմանված իրավունքների չարաշահմանը: Սաֆարովի գործի հիման վրա իրավական հարցերի հանձնաժողովը պետք է եզրակացություններ ու առաջարկություններ անի»,- ասաց հայկական պատվիրակության ղեկավարը:

Ընդհանուր առմամաբ՝ Դավիթ Հարությունյանի տպավորությամբ՝ նստաշրջանից նստաշրջան ԵԽԽՎ-ն ապացուցում է, որ արժեքների կազմակերպությունից վերածվում է շահերի կազմակերպության: Ըստ նրա՝ քննարկումներում ավելի ու ավելի նկատելի է դառնում լոբբինգի ազդեցությունը:
Օրինակը քաղբանտարկյալ հասկացությունը սահմանող զեկույցի քննարկումն ու ընդունումն է: Հայկական պատվիրակությունը պաշտպանել է զեկույցը, ադրբեջանական  կողմը նախ փորձել է տապալել հարցի օրակարգ ընդգրկվելը, ապա ներկայացրել է փոփոխության առաջարկ, որը, ըստ Հարությունյանի , չեզոքացնում է  բանաձևի ողջ ազդեցությունը:  Փոփոխության ընդունմանը կողմ է քվեարկել 89 պատվիրակ: Ադրբեջանական պատվիրակության առաջարկությունը չի ընդունվել միայն այն պատճառով, որ այն նույնքան դեմ ձայն է ստացել:

«Եթե  հայկական պատվիրակության անդամներից որևէ մեկը դեմ չքվեարկեր այդ առաջարկությանը, ապա փոփոխությունը կընդունվեր, իսկ դա կնշանակաեր, որ հաղթեց Ադրբեջանի լոբբիստական աշխատանքը»:

Ի դեպ՝ հաջորդ տարի Հայաստանը կնախագահի ԵԽ Նախարարների կոմիտեում:  Նախապատրաստվելու համար հայաստանյան խորհրդարանական պատվիարկությունն արդեն երկրորդ նստաշրջանն է մասնակցում է նաև ԵԽԽՎ Բյուրոյի աշխատանքներին:

 

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button