ԿարևորՀասարակություն

Ավելի քան 200 սիրիահայ աշակերտներ կսովերեն Նար Դոսի անվան դպրոցում (Տեսաշար)

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Սիրիահայ երեխաների համար այսօր իր դռներն է բացել Երևանի Նար Դոսի անվան համար 14 հիմնական դպրոցը, որտեղ այսուհետ կսովորեն սիրիահայ 220 աշակերտներ: Քանի դեռ Սիրիայում պատերազմական իրավիճակ է, նորաբաց «Կիլիկեան» վարժարանը ժամանակավոր համախմբելու է սիրիահայ աշակերտներին, որտեղ նրանք կշարունակեն իրենց կրթությունը ստանալ համապատասխան մանկավարժների շնորհիվ: Դպրոցի բացմանը ներկա են եղել մի շարք պաշտոնյաներ, այդ թվում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ողջունելով դպրոցի բացումը ներկաները հույս են հայտնել, որ դժվարին այս օրերը կարող են դրանական փոփոխությանների և նոր ձեռքբերումների վերածվել:

Դպրոցի ստեղծումը նախաձեռնել է «Կիլիկիա» բարեգործական կազմակերպությունը` Հայաստանում հաստատված սիրահայերի ընտանիքների համար, որպեսզի երեխաների կրթական գործընթացը չընդհատվի, Սիրիայում քաղաքական իրավիճակը կայունանալուց հետո երկիր վերադառնալիս դժվարություններ չառաջանան: «Հայ ժողովրդի պատմության ընթացքում միշտ էլ եղել են դժվար օրեր, սակայն հայ ժողովուրդը մշտապես ապացուցել է, որ կարող է հաղթահարել բոլոր դժվարությունները: Այժմ հերթական փորձությունը հաղթահարելու ժամանակն է եկել»,- դպրոցի բացման ժամանակ ասել է ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի տեղեկացմամբ` Դամասկոսի թեմի առաջնորդի աջակցությամբ լուծվել է նաև դասագրքերի խնդիրը: Նա նշեց, որ Երևանի ավագանու որոշմամբ Սիրահայ 58 երեխա էլ քաղաքապետարանի ֆինանսական աջակցությամբ հաճախում են Երևանի տարբեր մանկապարտեզներ:
Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը` ողջունելով դպրոցի բացումը, բոլորին մաղթեց խաղաղ և ուսումնտենչ ուսումնական տարի:

Թողնել պատասխան

Back to top button