ԿարևորՎերլուծական

Փորձագետ.Բիձինա Իվանիշվիլու հերքումը որեւէ արժեք չունի եւ վտանգ է պարունակում

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Հայտնի քաղաքական գործչները, սովորաբար, կանխատեսելի են իրենց քայլերում, իսկ եթե մարդը քաղաքական անձնավորություն չէ, հայտնի չեն նրա մոտեցումներն ու ծրագրերը, հետեւաբար, անհասկանալի է, թե ինչ կարելի է նրանից սպասել: Ներկայացված երկրորդ տիպին է պատկանում Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին: Այս կարծիքին են եւ Հայաստանի Աժ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, եւ վիրահայության հարցերով փորձագետ Հայկազուն Ալվրցյանը: Այն, որ Բիձինա Իվանիշվիլու հետ հույսեր կարելի է կապել ջավախքահայերի խնդիրները լուծելու համար դեռ հավատում է Տաճատ Վարդապետյանը:

Իսկ վիրահայության հարցերով փորձագետ Հայկազուն Ալվրցյանի համոզմամբ՝ Բիձինա Իվանիշվիլու նախ հայտարարությունից, հետո այդ հայտարարության հերքումից հետո «ջրերը սկսել են պղտորվել»: Հիշեցնենք, որ Իվանիշվիլին նախ «զարմացել» էր, թե ինչպես են հայերը իրենց հայրենիքի կողքին ապրում Վրաստանում եւ, թե ինչ հաջողակ գործարարներ են, այնուհետեւ հերքել էր, թե ասածը ենթատեքստից կտրված է մատուցվել եւ ոչ այն իմաստով, որով նա ասել է: Հերքումը իր մեջ որեւէ արժեք չունի եւ ինքնին իր մեջ վտանգ է պարունակում, ասում է Հայկազուն Ալվրցյանը: Բիձինա Իվանիշվիլու հայտարարությունը եւ հերքումը տարօրինակ է թվացել նաեւ Տաճատ Վարդապետյանին, բայց այս ամենում վիրահայության համար անհանգստանալու պատճառ նա դեռ չի տեսնում:

Հայկազուն Ալվրցյանը առաջնորդվում է «աչքը տեսածից է վախենում» խոսքով եւ անընդհատ վկայակոչում է պատմությունն ու կրկնվող դեպքերը: Նա մատնանշում է, որ եթե խորհրդային տարիներին Թբիլիսիի բնակչության 40 տոկոսը հայությունն էր, ապա այսօր ոչ միայն կրճատվել է նրանց թիվը, այլեւ չկա հայկական դպրոց: Բացի այդ, Ադրբեջանում տպագրվող «պատմական» քարտեզները, որտեղ իբրեւ թե բացակայել է Հայաստանը, մի առ ժամանակ անց տարածում են գտնում նաեւ Վրաստանում: Այս ամենում Հայկազուն Ալվրցյանը թաքնված ծրագիր է տեսնում: Չնայած այս ամենին, Հանրապետական խմբակցությունից պատգամավոր Տաճատ Վարդապետյանը դեռ սպասելիքներ ունի Վրաստանում տեղի ունեցած փոփոխությունից եւ նոր իշխանությունից՝ վիրահայության վիճակը բարելավելու առումով: Այստեղ պետք է գործի «բացասման բացասումը» փիլիսոփայությունը, ասում է Տաճատ Վարդապետյանը հույս ունենալով, որ ամեն նորը հնից ավելի բարյացակամ եւ ջերմ պետք է լինի:

 

 

Թողնել պատասխան

Back to top button