ԿարևորՀասարակություն

Հայ կրթական հիմնադրամի հերթական նվերը՝ ուղղված է Լաչինի ու Լոռու դպրոցականներին

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»
ԱՄՆ

Հայ կրթական հիմնադրամը տարեկան կես միլիոն դոլար արժողության ծրագրեր է իրականացնում Հայաստանում, Արցախում և Ջավախքում: Հիմնադրամը նորոգում է սահմանամերձ դպրոցներ, վճարում լավ սովորող ուսանողների կրթաթոշակը, գրենական պիտույքներ ուղարկում գյուղաբնակ աշակերտներին: Հերթական ծրագիրը նախատեսված է Լոռու մարզում և Լաչինում: Հայ կրթական հիմնադրամը Լոս Անջելեսից հերթական նվերն ուղարկեց Հայաստանի և Արցախի դպրոցների աշակերտներին: Հիմադրամը տարին երկու անգամ գրենական պիտույքներ է ուղարկում սահմանամերձ գյուղերի այն դպրոցներին, որոնք նորոգվել են Հայ կրթականի ջանքերով: Հայ կրթական հիմնադրամի ներկայացուցիչ Ալեք Բաղդասարյանը հայտնեց, որ մինչև այսօր ամերիկահայ բարերարների աջակցությամբ, հիմնադրամը նորոգել է 170-ից ավելի դպրոց: Հիմնական շեշտը սահմանամերձ գյուղերի` մինչև հարյուր աշակերտ ունեցող` փոքր դպրոցների վրա է, որի սաները գրենական պիտույքներ գնելու համար երկար ճանապարհ պետք է կտրեն:

Ամեն տարի Հայ կրթական հիմնադրամի օգնությունը հասնում է տարբեր մարզերի մոտ 4000 աշակերտի: Հիմնադրամն այս անգամ ընտրել է Լոռու մարզի 28 և Լաչինի 13 դպրոցներ: Գրենական պիտույքներով լի ծանրոցները տեղ կհասնեն դեկտեմբերին, հայտնեց ծրագրի պատասխանատու Լիլի Սավադյանը:

Հայ կրթական հիմնադրամի պատասխանատուները հայտնեցին, որ շարունակելու են նաև Հայաստանի, ԱՄՆ-ի, Լիբանանի, Բուլղարիայի բուհերում բարձր առաջադիմությամբ սովորող ուսանողներին կրթաթոշակ հատկացնելու ծրագիրը: Իսկ Հայաստանի և Արցախի աշակերտներին գրենական պիտույքներ ուղարկելու հաջորդ ծրագիրը նախատեսում են փետրվարին, հայտնեց Հայ կրթական հիմնադրամի նախագահ Հերմինե Փախանյանը:

Թողնել պատասխան

Back to top button