Կառուցվում է նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին կալանավայրը (տեսաշարք)
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը լրագրողների և ոլորտի պատասխանատուների հետ այսօր այցելել է Արմավիրի նոր կառուցվող քրեակատարողական հիմնարկ: Շինարարությունը դեռ շարունակվում է: Նոր քրեակատարողական հիմնարկը նախատեսված է 1200 դատապարտյալի համար, հաջորդ տարվա ընթացքում նախատեսվում է գործարկել կալանավայրի առաջին երկու մասնաշենքներն ու վարչական հատվածը և այստեղ տեղափոխել առաջին 400 դատապարտյալներին:
Նոր քրեակատարողական հիմնարկի կառուցումը ծրագրվել է դեռևս 2004 թվականին: Շինարարական աշխատանքները սկսվել են 2007-ից, ապա՝ ընդհատվել ֆինանասա-տնտեսական ճգնաժամի պատճառով: Այժմ շինարարությունը կրկին ակտիվ փուլում է: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հույս ունի , որ հաջորդ տարի կհաջողվի գործարկել կալանավայրի վարչական հատվածն ու երկու մասնաշենքերը:
«Սա նորանկախ Հայաստանի պատմության մեջ կառուցվող առաջին նոր տիպի քրեակատարողական հիմնարկն է: Նախագծողները բանտային ճարտարապետներն են, որոնք հաշվի են առել տարբեր գործոններ: Այստեղ բոլոր խցերը 4 տեղանոց են ՝ 16 քմ մակերեսով: Այս կալանավայրով մենք հրաժարվում ենք այսպես կոչված կազարմային խցերից, որտեղ 10- 15 դատապարտյալ է ապրում: Սա իր հետ բերելու է բազմաթիվ խնդիրների լուծում»,- ասաց նախարարը:
Ըստ նախարարի՝ կար երկու տարբերակ՝ կամ բյուջետային սուղ միջոցներն ուղղել գործող քրեակատարողական հիմնարկների վերակառուցմանն ու հիմնանորոգմանը, կամ զրոյից սկսել նորի կառուցումը: Ընտրվել է երկրորդը՝ ըմբռնումով, որ այդ տարբերակն ավելի ժամանակատար է և որոշակի ժամանականահատված համակարգում առկա խնդիրները շարունակելու են զգացնել տալ:
Քրեակատարողական հիմնարկի գործարկումն արագացնելու համար ոլորտի պատասխանատուները որոշել են շինարարությունն իրականացնել երկու փուլով ՝ հաջորդ տարվա ընթացքում շահագործման հանձնել միայն առաջին երկու մասնաշենքները:
«1200-ի համար է նախատեսված, բայց հաջորդ տարվա ընթացքում մենք շահագործման ենք հանձնելու առաջին երկու մասնաշենքները: Այսինքն՝ պատրաստ են լինելու վարչական մասը, բոլոր ենթակառուցվածքները և երկու մասնաշենքները, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է 200 հոգու համար»:
Թե որ դատապարտյալներն են տեղափոխվելու նոր քրեակատարողական հիմնարկ, ըստ նախարարի, որոշելու է հատուկ այս նպատակով գործող բաշխիչ հանձնաժողովը՝ ելնելով տասնյակ գործոններից: Նախախարը համոզված է, որ քրեակատարողական նոր հիմնարկը լուծելու է ոլորտի հիմնական՝ գերբնակեցման խնդիրը:
Հիշեցնեմ, որ միջազգային ու հասարակական տարբեր կազմակերպություններ բազմիցս խոսել են այս խնդրի մասին՝ նշելով, թե մեր քրեակատարողական հիմնարկենրում շատ ավելի մեծ թվով դատապարտյալներ կան, քան նրանց համար նախատեսված տեղեր են:
«Ունենք այդ խնդիրը հիմնականում փակ տիպի քրեկատարողական հիմնարկներում: Այս կառույցը լուծելու է այդ խնդիրը: Բայց ես այն կարծիքին չեմ, որ միայն քրեկատարողական հիմնարկների կառուցմամբ պետք է լուծենք գերբնակեցման խնդիրը: Մենք այդ հարցը լուծելու ենք տարբեր քայլերի միջոցով»,- նկատեց Հրայր Թովմասյանը:
Քայլերից մեկն, ըստ նախարարի, մի շարք հանցակազմերի, հատկապես տնտեսական, ապաքրեականուցմն է, ինչը նախատեսվում է դատաիրավական բարեփոխումների 2012-2016 թթ. ծրագրով: Մյուս քայլը, ըստ նրա, կալանքի՝ որպես խափանման միջոցի համատարած կիրառումից հրաժարվելն է և վերջապես այլընտրանքային պատիժների ինստիտուտն առավել լիարժեք օգտագործելը:
«Սրանք համալիր խնդիրներն են, որոնք միասին պետք է լուծեն գերբնակեցման խնդիրը: Ես վաղը մեկնում եմ Գերմանաիա, Քրեական նոր օրենսգրքի նախագիծը միջազգային փորձագետների հետ քննարկելու»:
Նշեմ, որ քրեակատարողական հիմնարկի կառուցման վրա մինչ այժմ ծախսվել է 1.5 միլիարդ դրամ, մոտ այդքան էլ նախատեսվում է բյուջեից ստանալ հաջորդ տարվա ընթացքում՝ շինարարության առաջին փուլն ավարտելու համար:
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի շինարարությունն իրականացվում է ԱՆ քրեակատարողական վարչության և «Գոհարիկ» ՍՊԸ միջև 2009-ին կնքված պայմանագրի շրջանակներում: