ԿարևորՀասարակություն

Կառուցվում է նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին կալանավայրը (տեսաշարք)

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը  լրագրողների  և ոլորտի պատասխանատուների հետ այսօր այցելել է Արմավիրի նոր կառուցվող քրեակատարողական հիմնարկ: Շինարարությունը դեռ շարունակվում է:  Նոր քրեակատարողական հիմնարկը նախատեսված է 1200 դատապարտյալի համար, հաջորդ տարվա ընթացքում նախատեսվում է գործարկել կալանավայրի առաջին երկու մասնաշենքներն ու վարչական հատվածը և այստեղ տեղափոխել առաջին 400 դատապարտյալներին:
Նոր քրեակատարողական հիմնարկի կառուցումը ծրագրվել է դեռևս 2004 թվականին: Շինարարական աշխատանքները սկսվել են 2007-ից, ապա՝ ընդհատվել ֆինանասա-տնտեսական ճգնաժամի պատճառով:   Այժմ շինարարությունը կրկին ակտիվ փուլում է: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հույս ունի , որ հաջորդ տարի կհաջողվի գործարկել կալանավայրի  վարչական հատվածն ու երկու մասնաշենքերը:

 «Սա նորանկախ Հայաստանի պատմության մեջ կառուցվող առաջին նոր տիպի քրեակատարողական հիմնարկն է: Նախագծողները բանտային ճարտարապետներն են, որոնք հաշվի են առել տարբեր գործոններ: Այստեղ բոլոր խցերը  4 տեղանոց են ՝ 16 քմ մակերեսով: Այս կալանավայրով մենք հրաժարվում ենք այսպես կոչված կազարմային  խցերից, որտեղ 10- 15 դատապարտյալ է ապրում: Սա իր հետ բերելու է բազմաթիվ խնդիրների լուծում»,- ասաց նախարարը:

Ըստ նախարարի՝ կար երկու տարբերակ՝ կամ բյուջետային սուղ միջոցներն ուղղել գործող քրեակատարողական հիմնարկների վերակառուցմանն ու հիմնանորոգմանը, կամ զրոյից սկսել նորի կառուցումը: Ընտրվել է երկրորդը՝ ըմբռնումով, որ այդ տարբերակն ավելի ժամանակատար է և որոշակի ժամանականահատված համակարգում առկա խնդիրները շարունակելու են զգացնել տալ:
Քրեակատարողական հիմնարկի գործարկումն արագացնելու համար ոլորտի պատասխանատուները որոշել են շինարարությունն իրականացնել երկու փուլով ՝ հաջորդ տարվա ընթացքում շահագործման հանձնել միայն առաջին երկու մասնաշենքները:

«1200-ի համար է նախատեսված, բայց հաջորդ տարվա ընթացքում մենք շահագործման ենք հանձնելու առաջին երկու մասնաշենքները: Այսինքն՝ պատրաստ են լինելու վարչական մասը, բոլոր ենթակառուցվածքները և երկու մասնաշենքները,  որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է 200 հոգու համար»:

Թե որ դատապարտյալներն են տեղափոխվելու  նոր քրեակատարողական հիմնարկ, ըստ նախարարի, որոշելու է հատուկ այս նպատակով գործող բաշխիչ հանձնաժողովը՝ ելնելով տասնյակ գործոններից: Նախախարը համոզված է, որ քրեակատարողական նոր հիմնարկը լուծելու է ոլորտի հիմնական՝ գերբնակեցման խնդիրը:
Հիշեցնեմ, որ միջազգային ու հասարակական տարբեր կազմակերպություններ բազմիցս խոսել են այս խնդրի մասին՝ նշելով, թե մեր քրեակատարողական հիմնարկենրում շատ ավելի մեծ թվով դատապարտյալներ կան, քան նրանց համար նախատեսված տեղեր են:

«Ունենք այդ խնդիրը հիմնականում փակ տիպի քրեկատարողական հիմնարկներում: Այս կառույցը լուծելու է այդ խնդիրը: Բայց ես այն կարծիքին չեմ, որ միայն քրեկատարողական հիմնարկների կառուցմամբ պետք է լուծենք գերբնակեցման խնդիրը: Մենք այդ հարցը լուծելու ենք տարբեր քայլերի միջոցով»,- նկատեց Հրայր Թովմասյանը:

Քայլերից մեկն, ըստ նախարարի, մի շարք հանցակազմերի, հատկապես տնտեսական,  ապաքրեականուցմն է, ինչը նախատեսվում է դատաիրավական բարեփոխումների 2012-2016 թթ. ծրագրով: Մյուս քայլը, ըստ նրա, կալանքի՝ որպես խափանման միջոցի համատարած կիրառումից հրաժարվելն է և վերջապես այլընտրանքային պատիժների ինստիտուտն առավել լիարժեք օգտագործելը:

«Սրանք համալիր խնդիրներն են, որոնք միասին պետք է լուծեն գերբնակեցման խնդիրը: Ես վաղը մեկնում եմ Գերմանաիա,  Քրեական նոր օրենսգրքի նախագիծը միջազգային փորձագետների հետ քննարկելու»:

Նշեմ, որ քրեակատարողական հիմնարկի կառուցման վրա մինչ այժմ ծախսվել է 1.5 միլիարդ դրամ, մոտ այդքան   էլ նախատեսվում է բյուջեից ստանալ  հաջորդ տարվա ընթացքում՝ շինարարության  առաջին փուլն ավարտելու համար:

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի շինարարությունն իրականացվում է ԱՆ քրեակատարողական վարչության և «Գոհարիկ» ՍՊԸ միջև 2009-ին  կնքված պայմանագրի շրջանակներում:

Թողնել պատասխան

Back to top button