ԿարևորՀասարակություն

«Իմ սրտի մայրաքաղաք». Էրեբունի- Երեւան տոնակատարությունը՝ հոկտեմբերի 14- ին

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Հոկտեմբերի 14- ին «Իմ սրտի մայրաքաղաք» խորագրով հանդիսավոր կերպով նշվելու է Էրեբունի-Երևանի 2794-ամյակը: «Նախատեսված են միջոցառումներ բոլորի ճաշակին հարմար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը:
Երեւանում գործելու է միանգամից 26 բեմահարթակ տարբեր մշակութային միջոցառումներով: Միջոցառումների ժամանակացույցը խիստ հագեցած է` տարբեր ոճերի համերգներին զուգահեռ կլինեն նաև պոեզիային, արձակին տրամադրված հարթակներ, որտեղ ժամանակակից պոետները և ասմունքողները ելույթ կունենան։ Կլինեն գրքավաճառ կրպակներ, ինֆո-կետեր, որոնք տեղեկատվություն կմատուցեն քաղաքի միջոցառումների վերաբերյալ եւ որտեղ փոքրիկ նվերներ` դրոշներ եւ կրծքանշաններ կբաժանվեն մասնակիցներին:
Երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի կունենա գալա-համերգ և տոնական հրավառությունմիջոցառմանը հրավիրված են նաեւ ռուսական մի շարք հայտնի  երգիչներ եւ խմբեր, տեղեկացրեց Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը:

Օրվա ընթացքում նախատեսվում է հանդիսությունների մասնակիցների բեմականացված քայլերթ Էրեբունի թանգարանից դեպի Հանրապետության հրապարակ, տոնական շքերթ, ռետրո ոճի մեքենաների ցուցադրություն, բիենալե՝ Ֆրանսիայի հրապարակում, սթրիթբոլի մրցումներ, ավիամոդելավորողների մրցույթ, վինդսերֆինգի ցուցադրական մրցումներ, հեծանվավազք, մարաթոնյան վազք 2794 մետր` Հաղթանակի կամրջից մինչև Մատենադարան:
Նախորդ տարիների նմանօրինակ միջոցառումներից այս տարվա տոնակատարությունը կտարբերվի հանդիսությունների բազմազանությամբ: Քաղաքի տարբեր հատվածներում կկազմակերպվեն տիկնիկային, կրկեսային, թատերական ներկայացումներ, կկազմակերպվեն Հայաստանում ապրող տարբեր էթնիկ համույթների համերգներ, ինչպես նաև ջազ, ռոք, դասական, էստրադային ոճի համերգներ:
Ի դեպ` միջոցառումների համար կհատկացվի 90 մլն դրամ: Հոկտեմբերի 14-ին Երևանի փոքր կենտրոնում մեքենաների հոսքը կդադարեցվի առավոտյան 08.30-ից, իսկ մետրոպոլիտենը կգործի մինչև ժամը 01.00-ն:

Թողնել պատասխան

Back to top button