Հասարակություն

Էջմիածինը նշում է իր 2697- ամյակը

Սաթիկ Իսահակյան

«Ռադիոլուր»- Էջմիածին

Այսօր Էջմիածինը նշում է հիմնադրման 2697 –ամյակը: Տոնակատարությանը մասնակցում են ոչ միայն քաղաքի բնակիչները, այլև հյուրեր տարբեր երկրներից: Այստեղ են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպության ընդհանուր ժողովի մասնակիցները Հոլանդիայից, Չիլիից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Մեքսիկայից և այլ երկրներից:
Էջմիածինը Հայաստանի հնագույն քաղաքներից է, որի մասին 1-ին տեղեկությունը գրանցված է Զվարթնոցի սեպագիր արձանագրություններում, ըստ որի քաղաքը կոչվել է Կուարլինի, որտեղ Ուրարտուի Ռուսա 2-րդ թագավորը մ.թ.ա. 7-րդ դարի կեսին ջրանցք է անցկացրել  Իլդարունի, այժմյան Հրազդան գետից:
Ավելի վաղ՝ քարե դարից մինչև բրոնզե դարն ընկած ժամանակաշրջանին պատկանող հնավայրեր են հայտնաբերվել Վաղարշապատի տարածքում, դրանք Շրեշ բլուրն է, Թեղուտը, Մոխրաբլուրը, Մեծամորը և այլն:
Մ.թ,ա, 6-րդ դարում կառուցված ավանը անվանվում է Վարդգեսավան, հետագայում հայոց Վաղարշ Ա Արշակունին 117-140թթ-ին կառուցում է քաղաք և անվանում Վաղարշապատ` այն դարձնելով 2-րդ մայրաքաղաքը:
1945 թ-ին Վաղարշապատը որպես հոգևոր կենտրոն վերանվանվում է Էջմաիծին, այսինքն` իջավ միածինը:
Այժմ Էջմիածինը զբաղեցնում է 4424 հա տարածք և ունի շուրջ 57600 բնակիչ, բարեկարգ է, մշակութային հնագույն կոթողներին ավելանում են նորերը, որոնց մի մասը քանդակագործ Լևոն Թոքմաջյանի ձեռքի գործն է` Մակար Եկմալյանի կիսանդրին, «Մայրություն», «Տագնապ» արձանները և այլն:
2008թ-ին բացվել է արցախյան ազատամարտին նվիրված «Նամականի» հուշակոթողը, 2010թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը, որը գտնվում է Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մոտ:
Այսօր արդեն 4-րդ անգամ նշվում է հինավուրց հոգևոր մայրաքաղաքի տոնը: Տոնական շքերթը սկսվեց քաղաքի դարպասներից՝ ավարտվելով հրապարակում: Հենց այստեղ են Վռամշապուհ արքան եւ Սահակ Պարթեւ կաթողիկոսը դիմավորել հայկական այբուբենը ամբողջացրած Մեսրոպ Մաշտոցին:
Ազգապահպանության համար ռազմավարական նշանակություն ունեցած այս իրողությունը այսօր թատերականացված ներկայացվեց Վաղարշապատում, իսկ գրատպության 500- ամյակի կապակցությամբ, առաջին տպագիր գիրքը` «Ուրբաթագիրքը» Վաղարշ թագավորը հանձնեց Էջմիածնի քաղաքապետ Կ. Գրիգորյանին, որից հետո հրապարակ մտան շքերթի մասնակիցները` երկրապահները, համալսարականականները, դպրոցականները, մարզիկները, ռուսական համայնքի ներկայացուցիչները և այլք:
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ ամեն տարի քաղաքում լուրջ բարեփոխումներ են իրականացնում: «Ամեն տարի մի նոր վերանորոգված կառույց է շահագործվում, երեկ բացվեց հիմնանորոգված թիվ 1 երաժշտական դպրոցը, այժմ հիմնանորոգվում է քաղաքի մշակույթի տունը»,- ասաց Կ. Գրիգորյանը:

Քաղաքի տոնակատարության մասին իր հիացմունքը հայտնեց Հոլանդիայի Բիմսթերի քաղաքապետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպության նախագահ Հարի Բրինքմանը: Շնորհավորելով քաղաքի տոնի առթիվ`  կիսեց իր տպավորությունը. «Ես առաջին անգամ եմ լինում Հայաստանում և Էջմիածնում և շատ մեծ բավականություն ստացա, այսօր կայցելեմ Մայր տաճար եւ հոգեւոր մշակութային մյուս կենտրոններ, որին անհամբեր եմ սպասում»:
Քաղաքի տոնակատարությունը շարունակվեց համերգով: Էջմիածինն ունի իր օրհներգը, զինանշանը և դրոշը` ծիրանագույն և մանուշակագույն երանգներով:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button