ԿարևորՔաղաքական

Միքայել Մելքումյան.ԲՀԿ-ն դժգոհ է կառավարության տնտեսական քաղաքականությունից

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

ԲՀԿ-ն դժգոհ է կառավարության տնտեսական քաղաքականությունից էլ, դրա արդյունքներից էլ: Այդ դժգոհությունը կարող է արտահայտվել ԲՀԿ-ի քաղաքական դիրքորոշման փոփոխություններով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժովի նախագահի տեղակալ, բհկ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: Տնտեսական հարցերից քաղաքական դիտարկումների անցնելով` Մելքումյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ն գտնվում է անցումային փուլում: «Զինվեք համբերությամբ. կարճ ժամանակ անց մենք կհայտարարենք մեր տեսակետերը»,-հայտարարել է նա:

ԲՀԿ-ն գոհ չէ կառավարության կողմից իրականացվող տնտեսական քաղաքականությունից: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժովի նախագահի տեղակալ, բհկ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախ հիշեցրեց, որ իրենք բոյկոտել էին խորհրդարանում 2011 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվություններին մասնակցությունը, քանի որ արդարացի չեն համարում Վարդան Օսկանյանին արդեն հայտնի գործով որպես մեղադրյալ ներգրավելը: Անցյալ տարվա բյուջեի կատարողականի մասին ԲՀԿ դիտարկումները քաղաքական այս ուժի ներկայացուցիչներն այնուամենայնիվ որոշել են ներկայացնել խորհրդարանից դուրս` լրագրողների հետ հանդիպման հարթակում:

ԲՀԿ-ն համաձայն չէ նախկին կոալիցիոն գործընկերների մի շարք գնահատումների հետ: ՀՆԱ-ում փոքր ու միջին բիզնեսն այն տեսակարար կշիռը չունի, որը մատնանշել է կառավարությունը բյուջեում: ԲՀԿ-ում 2011 թ.-ին բնակչության կենսամակարդակի բարելավում չեն տեսնում, այնինչ, ըստ Մելքումյանի, տնտեսական աճը պետք է որ արտահայտվեր բնակչության կենսամակարդակի բարելավմամբ: 2011թ.-ի մարտի սկզբին ունեցանք ամենամեծ գնաճը` առավելագույնս օգտագործվող ապրանքների՝ շաքարի, բենզինի, կաթնամթերքների շուկայում. հիշեց Մելքումյանը: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժովի փոխնախագահը կրկին հիշեցրեց ԲՀԿ-ի այն առաջարկը` տարեկան մինչեւ 40 մլն դրամի շրջանառություն ունեցող ընտանեկան բիզնեսին հարկային արտոնությունների տրամադրում: Օրական 4-5 հազար դրամ եկամուտ ստացողներին շահութահարկից եւ հաստատագրված արտոնագրային վճարից ազատում: Գերատեսչությունները կողմ են արտահայտվել, իսկ կառավարությունը դեմ է հանդես եկել: Մենք էլ դեմ կքվեարկեինք բյուջեի կատարողականին, եթե մասնակցեինք. Ընդգծեց Մելքումյանը:

Գործընկերոջից քնննադատի վերածված ԲՀԿ-ն կառավարությանն անվստահություն հայտնել-չհայտնելու հարցը դեռ նժարին չի դրել, թուրն առած հեղափոխության չենք գնում, դեռ նպատակահարմար ենք համարում բոյկոտի տարբերակը. Տնտեսականից քաղաքական հարցերի անցնելով` ասաց Մելքումյանը: Նրանց անելիքները դեռ կոչերի մակարդակով են` լուծել երկրում առկա խնդիրները` նոր քաղաքականության իրականացմամբ:

ԵԽԽՎ-ում Օսկանյանի հարցի բարձրացումը նորմալ քաղաքական գործընթաց է: Գալուստ Սահակյանի` այս առնչությամբ հայտարարությունը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժովի բհկ-ական փոխնախագահ Միքայել Մելքումյանը չմեկնաբանեց, չանդրադարձավ նաեւ տարբեր ոլորտների խնդիրներն իրենց կուսակից արդեն նախկին նախարարներին վերագրելու թեմային: 2013-ի բյուջեի նախագիծը ԲՀԿ-ն դեռ չի ստացել. Դեռ կքննարկի` ինչպես քվեարկել դրան, կամ քվեարկել, թե՞ ոչ:

Թողնել պատասխան

Back to top button