Կարևոր

Թուրքագետ.«Թուրքիայի և Սիրիայի միջև առաջիկայում լայնածավալ ռազմական գործողություններ չեն լինի»

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Թուրք-սիրական սահմանագծում առկա թեժացող լարվածությանն այսօր անդրադարձել է թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: Թուրքական զինուժի կուտակումն այս գոտում կրում է պլանավորված բնույթ և Սիրիայի տարածքից նետված զոհաբեր ականը միայն արագացրեց այս գործընթացը, թեպետ, ինչպես նշեց թուրքագետը, այս դեպքի հետքերը ևս կասկածելի են: Թուրքական խորհրդարանի կողմից Սիրիայի սահմանամերձ շրջաններ ռազմական ներխուժման «կանաչ լույսը» սպառնում է պայթեցնել իրավիճակը ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլ նաև Թուրքիայի ներսում: Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանի, թեպետ թուրքական զինուժը իր հզորությամբ գերազանցում է սիրիական բանակին, այնուամենայնիվ, մոտ ապագայում լայնածավալ ռազմական գործողություններ տեղի չեն ունենա: Անկարան կփորձի շարունակել դիմել սադրիչ քայլերի, ինչը թույլ կտա ստանալ միջազգային հանրության աջակցությունը:

Նման սադրանքների շարքում արժե դիտարկել և սիրիական տարածքից ականանետման պատահարը, երբ սահմանակից թուրքական բնակավայրում զոհվեց 5 մարդ: Անուշ Հովհաննիսյանը համոզված է` Թուրքիան արդեն վաղուց է մշակել Սիրիայի դեմ արշավը: Նա նշեց հստակ ժամկետ `անցյալ տարվա ամառը:
Թուրքական բարձրաստիճան սպաների հրաժարականների շքերթը գլխավոր շտաբի պետի գլխավորությամբ այն ժամանակ, ըստ փորձագետի, ուղղակի կապ ունի նրանց անհամաձայնության հետ վարչապետ Էրդողանի հակասիրիական ծրագրերի հետ: Այսօր թուրքական զինուժի կուտակումը Սիրիային մոտ սահմանագծում արդեն իսկ իրականություն է և առիթ է դարձել հակապատերազմական ցույցերի Թուրքիայի խոշոր քաղաքներում:

Արդյոք այս ազդակը կստիպի Անկարային վերանայել իր դիրքորոշումը և խզել կապերը սիրիական զինված ընդդիմության հետ, ցույց կտա ժամանակը: Բայց վարչապետ Էրդողանի հավակնոտ ծրագրերը հուշում են, որ հասարակության կարծիքը հակասում է Անկարայի շահերին:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button