ԿարևորՔաղաքական

Օսկանյանի գործը նաեւ ԱԺ ճեպազրույցներում

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Ազգային ժողովի անցած քառօրյայի, ինչպես ասում են, մեխը ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի անձեռնմխելիությունից զրկելու գլխավար դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդագիրն էր։
«Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ցավով արձանագրեց՝ նման գործընթացները  վարկաբեկում և վնասում են երկրի հեղինականությանը: Որպես օրինակ նա հիշեց 1996 թվականի սեպտեմբերյան դեպքերը, երբ կեղծված նախագահական ընտրություններին հետևած դեպքերի արդյունքում անձեռնմխելիությունից զրկվեցին 8 ընդդիմադիր պատգամավորներ: Օսկանյանի պարագայում ևս առկա է քաղաքական ենթատեքստը, նշեց ընդդիմադիր պատգամավորը:
Հակոբյանը նշեց, որ այս դեպքը ցույց տվեց, որ ԱԺ բոլոր 131 պատգամավորները պոտենցիալ Օսկանյան են:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ևս համոզմունք հայտնեց, որ նախկին արտգործնախարարի հանդեպ իրականացվում է քաղաքական հետապնդում:
Դաշնակցական պատգամավորը նշեց, որ այնուհանդերձ անհրաժեշտ է հետևել հետագա զարգացումներին, մասնավորապես, արդյո՞ք ԲՀԿ-ն կվերադառնա ԱԺ դահլիճ և ինչ քայլեր կհետևեն: Միևնույն ժամանակ  նա նկատեց, որ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ներկայությունն այդ քննարկմանը տրամաբանական կլիներ, իսկ ԲՀԿ ղեկավարը այդպես էլ բացակայեց անցած քառօրյայից:

Ի դեպ՝ ԲՀԿ- ն, որը բոյկոտել էր անցած քառօրյան, այսօր ներկա չէր նաեւ ճեպազրույցներին։

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, որպես իշխող կոալիցիայի ներկայացուցիչ, նշեց, որ Օսկանյանի գործում ինքը քաղաքական աստառ չի տեոսնում և հավատում է գլխավոր դատախազի միջնորդագրի փաստարկներին:
Այս գործը քաղաքականացման կարիք չունի, իր հերթին նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

ԱԳՆ, թե՞ հյուրանոց


Օրենսդիրներն անդրադարձան և կառավարական թիվ 2 մասնաշենքի վաճառքի գործադրի որոշմանը:
Ժառանգական Ռուբեն Հակոբյանի համար ԱԳՆ շենքի վաճառքը ավելի քան ցավալի է, որպես նախկին դիվանագետի: Նա երկար տարիներ եղել է ՀՀ հյուպատոսը Սանկտ-Պետերբուրգում:
Դաշնակցական Աղվան Վարդանյանը իր հերթին հիշեցրեց, որ վաճառվող շենքում տեղակայված են նան տարածքային կառավարման և էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունները, որոնք ԱԳՆ-ի, արդարադատության և Սփյուռքի նախարարությունների հետ միասին կտեղավորվեն ապագայում կառուցվելիք կառավարական նոր մասնաշենքում: Պատգամավորը հայտնեց, որ այս գործարքի շուրջ քննարկումներ կանցկացվեն ԱԺ տնտեսական հանձնաժողովում:
ՕԵԿ- ական Մհեր Շահգելդյանը շենքի վաճառքը դիտարկեց մեր երկրում տուրիզմին աջակցման տեսակետից:

ՀՀՇ առաջնորդ Արամ Մանուկյանն էլ կտրուկ բացասաբար ընդունեց գործարքը:

Գալուստ Սահակյանը անդրադարձավ և ՀՀԿ-ի կողմից թիվ 1 արդեն թափուր ընտրական տարածքում քաղաքապետի աներորդու ` Ռոբերտ Սարգսյանի թեկնածության առաջադրմանը: Ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավարի՝ Սարգսյանը հայտնի է տարածքում և ունի հաղթանակի բոլոր հնարավորությունները:

Թողնել պատասխան

Back to top button