ԿարևորՏնտեսական

ՏՏ մասնագետ.«10 տարի անց Հայաստանը կլինի ամենահայտնի բարձր տեխնոլոգիական երկրներից մեկը»(Ֆոտոշարք)

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի նորաբաց «Երեւան էքսպո» ցուցահանդեսային համալիրում այսօր մեկնարկել է 8-րդ ամենամյա միջազգային «Դիջիթեք» տոխնոլոգիական ցուցահանդեսը: «Տոն տեխնոլոգիական հանրության համար» կարգախոսի ներքո անցկացվող ցուցահանդես է այսօր այցելել նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

«ԴիջիԹեք» ցուցահանդեսը կտևի երեք օր: ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, գլխավոր գործընկերը` ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ծրագիրը, աջակիցը` «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերությունը: Կազմակերպիչների ազդակ-նպատակը մեկն է` ցուցահանդեսը պետք է նպաստի, որ երկիրը դառնա ոլորտի կարեւոր կենտրոններից մեկը:
Ցուցահանդեսի շրջանակներում այսօր ստորագրվեց հուշագիր` Մերգելյան ինստիտուտի, ՏՏ ձեռնարկությունների միության եւ Ինկուբատոր հիմնադրամի միջեւ: Հուշագիրն արձանագրում է համագործակցություն ՏՏ ոլորտի կայացած ընկերությունների միջեւ:

Նախագահ Սերժ Սարգսյանը շրջեց Ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացավ տաղավարների առաջարկած տեխնոլոգիական նորարարություններին, նորագույն ձեռքբերումներին: ՀՀ նախագահին ուղեկցում էին էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, օտարերկրյա առաքելությունների ղեկավարներ: Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան երկրների շուրջ 130 կազմակեպություն և ընկերություն: Այս ցուցանիշը կազմակերպիչները գնահատում են առաջընթաց, քանի որ նախորդ ցուցահանդեսին մասնակցել էր 113 ընկերություն:
Ցուցահանդեսի տաղավարներում ներկայացված են ՏՏ սարքավորումներ, համակարգեր, ինժեներական և բարձր տեխնոլոգիական լուծումներ, մոբայլ լուծումներ, համակարգչային գրաֆիկա, մուլտիմեդիա, էլեկտրոնային կառավարում և այլն:

Պետական ճարտարագիտական համալսարանի 4-րդ կուրսի ուսանողները ցուցահանդեսին ներկայացրել էին իրենց նախագծած «Ալիքի գեներատոր»-ը: Այն նախատեսված է ալիքից հոսանք ստանալու համար: Նախագծող խմբի անդամներից Գեւորգ Գաբոյանը տեղեկացրեց, որ որքան մեծ ալիք լինի, այնքան ավելի շատ հոսանք հնարավոր կլինի ստանալ: Ցուցադրական օրինակում նրանք մոտ մեկ մետր քառակուսի տարածքում առաջացրած ալիքից ստացել են մեկ վատտ հոսանք:
«Գեներատորները կարելի է կառուցել ծովերում եւ օվկիանոսներում` նորմալ հոսանք ստանալու համար: Որքան հզոր լինի ալիքը եւ շատ գեներատորների քանակը, այնքան ավելի շատ հոսանք կստացվի»:
Նախագծող ուսանողները կարծում են, որ իրենց մշակմամբ կհետաքրքրվեն ծովեր ու օվկիանոսներ ունեցող երկրները:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանի գնահատմամբ` Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումը գտնվում է լավ փուլում: Իրենց նպատակն էլ այն է, որ դպրոցներից լավագույն կադրերը գնան համալսարաններ: Հենց այդ նպատակով էլ նախատեսվել են ռոբոտաշինության խմբակները, որոնց մշակումները նույնպես ցուցադրվում են տաղավարներում: Արդեն Կա 7 խմբակ, որոնցում 700 երեխա է սովորում.
Այս քայլերն ապահովելով` 10 տարի անց Հայաստանը կլինի ամենահայտնի բարձր տեխնոլոգիական երկրներից մեկը` վստահեցրեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների միության ներկայացուցիչը:

Թողնել պատասխան

Back to top button