ԿարևորՏնտեսական

Տարեկան 1,5 միլիարդ դրամի վատնում՝ պետական միջոցներից.ՏՄՊՊՀ

Լիանա Եղիազարյան

«Ռադոլուր»

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նոր աղմկահարույց բացահայտումներ է բացահայտել դեղորայքի գծով պետգնումների ոլորտում կատարված ուսումնասիրությունների արդյունքում: Մրցույթներ չհայտարարելու հետևանքով հիվանդանոցները տարիներ շարունակ դեղերը ձեռք են բերել շուկայականից անհամեմատ թանկ գնով` տարեկան 1,5 միլիարդ դրամ վատնելով պետական միջոցներից: Օրինակ` օրինախախտ բուժհաստատությունները  850 դրամանոց դեղը գնել են 4800-ով, հիվանդներին էլ ուղղորդել կոնկրետ դեղատներ:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դեղորայքի գծով պետգնումների ոլորտում կատարված ուսումնասիրությունների երկրորդ փուլն էլ է ավարտում խայտառակ բացթողումների բացահայտմամբ: Մի քանի տասնյակ բուժհաստատությունների հակամրցակցային համաձայնությունների համար պատժելը, պարզվում է, դաս չի եղել մյուսների համար:

Այս փուլում հանձնաժողովի դիտակետում հայտնվել են մարզերում և մայրաքաղաքում գտնվող 134 հիվանդանոցներ և դեղերի ներկրմամբ, արտադրությամբ ու վաճառքով զբաղվող ավելի քան 300 ընկերություններ: Նշված 134 բուժհաստատություններից շուրջ 100-ը անհրաժեշտ դեղորայքը ձեռք են բերել առանց մրցույթների անցկացման: Փաստորեն` խախտելով Գնումների մասին ՀՀ օրենքի պահանջները, իրենց հայեցողությամբ են որոշել, թե ումից պետք է դեղորայք գնեն: Մրցույթներ չհայտարարելու հետևանքով հիվանդանոցները դեղերը ձեռք են բերել շուկայականից մինչև անգամ եռակի թանկ գնով: Օրինակ, հակաբորբոքային  «ցեֆտրիաքսոն» դեղամիջոցը որոշ հիվանդանոցներ գնել են 850 դրամով, այն դեպքում, երբ իրական արժեքը 190 դրամ է, պետությունը անհամեմատ թանկ է վճարել նաև «նատրիումի քլորիդի» համար՝ 150-ի փոխարեն 350 դրամ: Հանձնաժողովը գնահատել է, ե տարեկան որքան վնաս է կրել պետբյուջեն նշվածի հետեւանքով: Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյան: «Տարեկան 1,5 միլիարդ դրամի վատնում՝ պետական միջոցներից»: Այս խախտումների հետ կապված ՏՄՊՊՀ-ը բացատրություն է պահանջել հիվանդանոցների տնօրեններից, որոնք պատճառաբանել են` իբր տեղեկացված չեն եղել օրենքին: Հանձնաժողովում հնչեց մեկնաբանություն, թե ինչպես կարելի է  չգիտակցել, որ իրենք դեղորայքը գնում են շատ ավելի թանկ, քան այն իրականում արժե: Հիվանդանոցների տնօրենները հիվանդներին մշտապես ուղղորդել են միևնույն դեղատունը, որտեղից վերջինները ստացել են անվճար դեղորայքը, իսկ դրա համար իրական արժեքից մի քանի անգամ ավելի թանկ վճարել է  պետությունը: Մրցույթներ չեն հայտարարվել անգամ սոցիալապես անապահով խավերի համար նախատեսված անվճար կամ արտոնյալ կարգով տրամադրվող դեղորայքի ձեռքբերման համար: Օրինակ,սրտանոթային հիվանդությունների բուժման համար նախատեսված և սոցիալական կարևոր նշանակության «ամլոդիպին» դեղամիջոցի գինը 850 դրամ է, մինչդեռ հիվանդանոցն այն ձեռք է բերել 6 անգամ թանկ՝4800 դրամով, նույն կերպ էլ ուռճացված արժեքով են գնվել նաև մեծ պահանջարկ ունեցող այնպիսի դեղամիջոցներ, ինչպիսիք են, ասենք, «պրեդուկտալը», «տաուֆոնը», «դիլատրենտը», «վերոշպիրոնը» և այլն:

«Թեև խախտումներն առավելապես գտնվում են պետգնումների ոլորտում, սակայն իրավիճակը կարող է ազդել նաև մրցակցային դաշտի վրա՝ ստեղծելով անբարենպաստ միջավայր այն տնտեսվարողների համար, որոնք զրկվել են մրցույթներին մասնակցելու և միգուցե ավելի բարեխիղճ աշխատելու հնարավորությունից»:

Մրցույթների կազմակերպման առումով իրավիճակը վատ է հատկապես մարզերում: Խախտումներ արձանագրվել են մարզային գրեթե բոլոր բուժհաստատություններում` Սյունիքից մինչեւ Տավուշ: Խայտառակ գործելաոճ դրսեւորած բուժհաստատությունների թվում են նաեւ մի շարք խոշորները` ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը, Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ինստիտուտը, «Սուրբ Աստվածամայր»-ը, «Նաիրի»-ն, Ուռուցքաբանության ազգային ինստիտուտը, «Քանաքեռ-Զեյթուն» բուժկենտրոնը: Հիշեցնեմ` ընդհանուր առմամբ շուրջ 100 բուժհաստատություն: Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն ընդգծեց, որ այս հարցը միայն տուգանքների դաշտում չէ:

«Հանձնաժողովի որոշմամբ, պետական միջոցների յուրացման և չարաշահման վերաբերյալ փաստերը անմիջապես կուղարկվեն ՀՀ Գլխավոր դատախազություն»:

Թողնել պատասխան

Back to top button