ԿարևորՄիջազգային

Իվանիշվիլին Քլինթոնից շնորհավորանքներ է ստացել, իսկ Սահակաշվիլին` դիտողություն

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նախաձեռնությամբ երեկ հեռախոսազրույց է կայացել նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը` հղում կատարելով Վրաստանի նախագահի աշխատակազմի մամլո ծառայության հրապարակած հաղորդագրությանը: Դրանում նշվում է, որ «զրույցի հիմնական թեման եղել է իրավիճակը Վրաստանում հետընտրական փուլում, մասնավորապես, այն ճնշումները, որոնք իրականացվում են որոշ ընտրատեղամասերի հանձնաժողովների անդամների և երկրի ԿԸՀ-ի անդամների վրա»: Հիշեցնենք` Վրաստանի ԿԸՀ-ի ներկայացուցիչները հայտնել էին, որ չորեքշաբթի և հինգշաբթի առավոտյան երկրի տարբեր շրջաններում արձանագրվել են «ընտրատեղամասերի հանձնաժողովների անդամների վրա ճնշումների փաստեր»: Նրանք բոլոր ընտրական սուբյեկտներին և դրանց ակտիվիստներին կոչ են արել օրենքի շրջանակներից դուրս չգալ և թույլ տալ հանդարտ պայմաններում ավարտել ձայների հաշվարկը:

Ի դեպ, ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին և նրա թիմին հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Ինչպես Facebook-ի իր էջում գրել է Իվանիշվիլին, իր և Քլինթոնի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց: Հաղորդագրության համաձայն` զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են ԱՄՆ-ի և Վրաստանի միջև համագործակցության կարևորությունը: «Հիլարի Քլինթոնը շնորհակալություն է հայտնել է Բիձինա Իվանիշվիլիից նրա ձգտման համար` ուղղված երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանը: Իր կողմից Իվանիշվիլին նշել է ԱՄՆ-ի գլխավոր ներդրումը Վրաստանի ժողովրդավարության զարգացման մեջ»,- նշվում է հաղորդագրությունում: Դրա հետ մեկտեղ, Իվանիշվիլին հայտարարել է, որ ընտրություններում հաղթանակ տանելուց հետո նախատեսում է նախևառաջ այցելել ԱՄՆ:

Թողնել պատասխան

Back to top button