ԿարևորՏնտեսական

Ի՞նչ կարող է անել սպառողը 2500 դրամով բարձրացած նվազագույն աշխատավարձով

Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»

«Նվազագույն աշխատավարձը պետք է լինի միայն և միայն տնտեսական, այլ ոչ սոցիալական կատեգորիա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով նվազագույն աշխատավարձը 2500 դրամով բարձրացնելու կառավարության որոշմանը, հայտարարել է ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը: Նվազագույն աշխատավարձը, ըստ նրա, պետք է համապատասխանի աշխատանքի արդյունավետությանը, անկախ նրանից, այդ գումարը համահունչ է նվազագույն սպառողական զանբյուղին, թե՞ ոչ: Ի դեպ, նվազագույն սպառողական զամբյուղն այսօր 50 հազար դրամ է:

Ի՞նչ կարող է անել սպառողը 2500 դրամով բարձրացած նվազագույն աշխատավարձով, արդյո՞ք կառավարությունն էլ նվազագույն աշխատավարձը 2500 դրամով բարձրացնելիս առաջնորդվել է աշխատավարձի` տնտեսական կատեգորիա լինելու հանգամանքով, «Ռադիոլուր»-ի հարցին Հակոբ Հակոբյանը  պատասխանել է.«Կառավարությունն ունի ծրագիր` մինչև 2017 թվականը նվազագույն աշխատավարձը կրկնապատկել` հասցնելով այն 75 հազար դրամի: Դրան զուգահեռ պետք է լինեն զարգացման սկզբունքները, ՀՆԱ-ի աճի սկզբունքները, որպեսզի մենք կարողանանք տնտեսապես հիմնավորել նվազագույն աշխատավարձի բարձրացումը»:

Ի դեպ, ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի դիրքորոշումը նվազագույն աշխատավարձը բարձրացնելու` կառավարության որոշման վերաբերյալ ավելի ուշ կարտահայտվի, ասել է Հակոբ Հակոբյանը: Աշխատավարձի` տնտեսական կատեգորիա լինելու հարցում Վազգեն Սաֆարյանը համաձայնել է Հակոբ Հակոբյանի հետ: Բայց ըստ նրա` պետք է տնտեսական քաղաքականությունը փոխել, ավելացնել բյուջեի ծախսային մասը` ուղղվելով այն սոցիալական խնդիրների լուծմանը:

Թողնել պատասխան

Back to top button