Վերլուծական

Թուրք- սիրիական ռազմական լայնածավալ գործողություններ չեն սպասվում… այս պահին

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Թուրքիայի կառավարությունը ոգևորված գործի է անցել. վերջապես հնարավորություն է ստեղծվում միջամտել տարածաշրջանային հարցերին: Ոչ մի դեպքում չէր կարելի առիթը ձեռքից բաց թողնել:

Սիրիական կողմից թուրքական սահմանային Աքչաքալ ավանի գնդակոծումը հարմար պատրված էր անմիջապես պատասխան հրետակոծության անցնելու: Պաշտոնական Անկարան անգամ խորամուխ չեղավ պարզելու, թե իրականում ովքեր են գնդակոծել Սիրիայի կողմից, գուցե դա ամենևին էլ Ասադի կողմնակիցները չեն եղել:

Թուրքագետ Արտակ Շաքարյանը, օրինակ, լուրջ կասկածներ ունի, որ սադրանքը Արեւմուտքի ձեռքի գործն է։
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին ամենևին պետք չէր նոր լարվածություն` այս անգամ Թուրքիայի հետ, դա պետք էր Արեւմուտքին ու հենց Թուրքիային:
Ոչ մի րոպե չկորցնելով՝ Էրդողանի կառավարությունը դիմեց խորհրդարանին ու մեկ տարվա մանդատ ստացավ տարանցիկ սահմանային ռազմական գործողություններ իրականացնելու համար: Ձևակերպումը խիստ անհասկանալի է, սա նշանակում է, որ Թուրքիան ազատ կերպով կարող է գործողություններ ձեռնարկել ցանկացած հարևան երկրի նկատմամբ, այդ թվում նաև Հայաստանի, ասում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Նա թեեւ նշում է, որ ոչինչ բացառայել պետք չէ, սակայն, կարծում է, որ այս պահին կլինեն կոշտ հայտարարություններ կամ սահմանային բախումներ, բայց ոչ լայնածավալ պատերազմ։
Արտակ Շաքարյանը նույնպես թուրք-սիրիական լայնածավալ ռազմական գործողություններ այս պահին չի կանխատեսում. դա պետք չէ Բարաք Օբամային: Առայժմ թեթև ռմբակոծություններ կլինեն, սակայն եթե մինչև գարուն Սիրիայում նույն վիճակը պահպանվի, ապա չի բացառվում պատերազմի հավանականությունը: Առայժմ, սակայն, Թուրքիան աշխատում է այլ ուղղությամբ. համոզել Ասադին բուֆերային գոտի ստեղծել Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ։ Հակառակ դեպքում՝ Թուրքիան ևս պատերազմական գործողություններ կսկսի Սիրիայի դեմ ու նման պայմաններում սարսափելի վիճակում կհայտնվեն 1915 թվականի Ցեղասպանությունից փրկվածների ժառանգները՝ սիրիահայերը։
Չի բացառվում, որ ստեղծված վիճակը առիթ տա Թուրքիայի փոքր եղբորը՝ Ադրբեջանին օգտվել տարածաշրջանային խառը վիճակից և ռազմական գործողություններ սկսել: Չբացառելով իրադարձությունների նման զարգացումը՝ Արտակ Շաքարյանն այդուհանդերձ ավելի հավանական համարեց Թուրքիա-Իրան հակամարտությունը, քանի որ Անկարան չի թաքցնում իսլամական աշխարհը միավորելու գլխավոր դերակատարությունը Իրանից խլելու իր նկրտումները:

Թողնել պատասխան

Back to top button