Վերլուծական

Վրացական իրադարձությունները հայ քաղաքագետների աչքերով

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Վրաստանի ընդդիմությանը հաջողվեց ջարդել «Սահակաշվիլիի մեքենան»՝ անդրադառնալով Վրաստանի խորհրդարանական ընտրություններին այսօր նման կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ` այն, ինչ կատարվեց Վրաստանում չափազանց հետաքրքիր է, սակայն այն մեկնաբանությունները, որոնք հնչում են Հայաստանում իրականության հետ կապ չունեն: Մասնավորապես, անդրադառնալով այն դիտարկումներին, թե Վրաստանում ընդդիմությունը հաղթում է, որովհետեւ այնտեղ ընտրակաշառք չէին տալիս, քաղաքագետը շեշտեց.

«Ինչ է նշանակում` կաշառք չէին տալիս: Այն էլ ինչպես էին տալիս, կաշառքն այդ ընտրությունների հիմնական գործիքն էր և ավելի շատ էին տալիս, քան՝ Հայաստանում։ Կաշառք տալիս էին ամբողջ երկրով։ Եվ եթե մեզ մոտ այն օլիգարխի գրպանից է գնում, ապա այնտեղ օլիգարխներ չկան՝ բացի Սահակաշվիլուց եւ Իվանիշվիլիից, եւ կաշառքը գնում էր պետական բյուջեից»:
Քաղաքագետի դիտարկմամբ` հայտնի բանտային սկանդալից եւ Վրաստանի ՆԳ նախկին նախարարի հրաժարականից հետո Իվանիշվիլուն հաջողվեց ջարդել «Սահակաշվիլու մեքենան» եւ ընտրություններում վրաց իշխանությունների տապալման հարցում, ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի, կարևոր գործոն էր նաեւ այն, որ Վրաստանում ամեն 20-րդը բանտարկյալ է։
«Վրաստանի քաղաքացիների զգալի մասն անցնում է այսպես կոչված՝ ապրոբացիա՝ փորձարկում, և այս մարդկանց գլխին «դամոկլյան սրի» պես կախված է իշխանությունների կամքը եւ Բիձինա Իվանիշվիլուն հենց այս մեքենան հաջողվեց  ջարդել»։
Քաղաքագետը նաեւ նկատեց, որ  այն բնակավայրերում, որտեղ դեռ ուժեղ էր Վրաստանի ՆԳ նախարարը, իշխանությունը հաղթել էր։ Իսկանդարյանի ձեւակերպմամբ` դեմոկրատիան այստեղ խնդիր չունի, երեւույթի անունը ոչ թե դեմոկրատիա է, այլ` Բաչո Ախալայա:
Մեքենան, որ կարող էր աշխատել Իվանիշվիլու դեմ, գոյություն չուներ, իսկ որ ընտրությունները բնավ իդեալական չէին, քաղաքագետի բնորոշմամբ, վկայում են Խաշուրիում տեղի ունեցած կրակրոցները։
Կովկասի ինստիտուտի տնօրենի կարծիքով` Վրաստանում ստեղծված իրադրության պայմաններում պետք է այլեւս սպասել «կոմպրոմատների պատերազմի»: Ինչ վերաբերում է քաղաքական նոր իրավիճակի ազդեցությանը տարածաշրջանի վրա, Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, առաջին հերթին պետք է ակնկալել, որ տեղի կունենա փորձ` Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված:
«Չեմ կարծում, թե հեղափոխություն կլինի, սակայն, փոփոխություններ, անշուշտ»,-պատկերավորեց Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նույնպիսի տեսակետ այսօրվա ասուլիսում հայտնեց նաեւ քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Ըստ նրա` ռուս-վրացական հարաբերությունների բարելավման միտում կնկատվի, ինչը նաև դրական կլինի Հայաստանի համար:
Սերգեյ Մինասյանը կարծիք հայտնեց նաեւ, որ լուրջ փոփոխությունների կենթարկվի նաեւ Աբխազիայի եւ Օսեթիայի նկատմամբ Վրաստանի վարվող քաղաքականությունը:
Ինչ վերաբերում է ջավախքահայության սպասելիքներին՝ Մինասյանը չբացառեց, որ  Ջավախքի հարցում առկա  սպասումները, նապտակները, որոնք ունեն Վրաստանի քաղաքական էլիտան, համընկնի ջավախահայության սպասումների հետ:
«Ես կարծում եմ, որ հայության համար ամենակարևոր փոփոխությունը, որը կարող է տեղի ունենալ, և ոչ միայն Ջավախքի համար, այլ նաև ամբողջ վրացահայության համար, դա  վախի մթնոլորտի փոփոխությունն է: Ես կարծում եմ, որ քաղաքական դաշտը բավականին կբացվի»:

 

Թողնել պատասխան

Back to top button