Հասարակություն

Չի կարող լինել լավ սովորող երիտասարդ, ով ուսման վարձի պատճառով չկարողանա շարունակել ուսումը (ֆոտոշարք)

«Մենք դեռ խորհրդարանական ընտրությունների ժամանակ խոստացել էինք կրթությունը դարձնել հնարավորինս մատչելի: Այստեղ է նաև կրթության նախարարը: Մենք արդեն պայմանավորվել ենք արագ մշակել մեխանիզմներ, որոնք թույլ կտան բոլոր այն ուսանողներին, ովքեր ցանկանում են ուսումը շարունակել բուհերում, բայց բավականաչափ վճարունակ չեն, խնդիրներ չունենալ: Մեր համոզմունքն է՝ Հայաստանում չի կարող լինել գեթ մեկ լավ սովորող երիտասարդ, ով ուսման վարձի պատճառով չկարողանա շարունակել ուսումը: Սա ես համարում եմ սկզբունքային հարց, և այդ հարցը մենք հիմա լուծում ենք արմատապես»,- այսօր հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունելով տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ՀՀ նախագահի 2012 թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին:
ՏՏ բնագավառում նախագահի կրթական պարգևը շնորհվում է ամեն տարի բարձր առաջադիմություն ունեցող այն ուսանողներին և աշակերտներին, ովքեր ակտիվորեն մասնակցում են ՏՏ բնագավառի և բնական գիտությունների տարբեր օլիմպիադաների ու մրցույթների, գիտական հոդվածների հեղինակներ են, ունեն բազմակողմանի գիտելիքներ և տաղանդ, ինչպես նաև ներգրավված են հասարակական ծրագրերում:
Հաղթողների համար սահմանվել են` «գլխավոր մրցանակ», «լավագույն ասպիրանտ», «լավագույն մագիստրանտ», «լավագույն բակալավր», «լավագույն սփյուռքահայ մասնակից», «լավագույն ուսանողուհի», «լավագույն աշակերտ» անվանակարգերն ու մրցանակները: Մրցանակաբաշխության գործընթացն իրականացվում է ՀՀ նախագահի կարգադրությամբ հաստատված կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի կողմից: Թեկնածուներին ներկայացվող պահանջները, նրանց ընտրությունը և առաջադրումը կատարվում է «Սինոփսիս Արմենիա» ընկերության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի համաձայն: Յուրաքանչյուր անվանակարգի համար շնորհվող դրամական պարգևները հատկացվում են «Սինոփսիս Արմենիա» ընկերության կողմից:

 

Թողնել պատասխան

Back to top button