Հասարակություն

Ինտերնատի խնամարկյալներին հարկադրել է անասուններ պահել

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը չարաշահումներ է հայտնաբերել «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ- ում։ Տնօրեն Նվեր Հովհաննիսյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, աշխատանքային թերապիայի անվան տակ 2011 թվականի մայիսի 16-ից նյարդահոգեբանական տուն ինտերնատի խնամքի տակ գտնվող, ծանր հիվանդությամբ տառապող, հոգեկան հիվանդության հետևանքով իրենց արարքի բնույթն ու նշանակությունը մասամբ գիտակցող 4 անձանց  մինչև 2012 թվականի սեպտեմբերի 18-ը շահագործել է:

Մասնավորապես՝ ամիսներ շարունակ նրանց ներգրավել է` տուն ինտերնատից շուրջ 30 կմ հեռավորության վրա գտնվող Ներքին Շորժա գյուղում սեփական, ինչպես նաև տուն-ինտերնատին պատկանող շուրջ 70 գլուխ խոշոր և շուրջ 130 գլուխ մանր եղջերավոր անասուններ արածացնելու, նրանց կթելու, անասնագոմը մաքրելու և այլ հարկադիր աշխատանքներ կատարելու մեջ:

Նկատի ունենալով, որ տվյալ պարագայում ՊՈԱԿ-ի տնօրենի գործողություններում առկա են պաշտոնեական դիրքն օգտագործելով մի քանի անձանց աշխատանքային շահագործման ենթարկելու հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանի որոշմամբ 03.10.12թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն՝ նախաքննություն իրականացնելու:
Այս պատմութունը հայտնի է դարձել «Հետք» էլեկտրոնային թերթում 2012 թվականի սեպտեմբերի 18-ին հրապարակված հոդվածից հետո։ «Հոգեկան հիվանդներին տնօրենը ստիպում է անասուններ պահել» վերտառությամբ հոդվածն էլ հիմք է դարձել, որ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչությունը՝ սեպտեմբերի 20-ին գրավոր հանձնարարել էր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանն իրականացնել համապատասխան ստուգումներ։

Թողնել պատասխան

Back to top button