Քաղաքական

Դրվատելի է, որ առաջադեմ հանրությունն սկսել է վերանայել իր մոտեցումները

Սերժ Սարգսյանը ողջունել է շվեյցարացի խորհրդարանականների այցը ինչպես մեր երկիր, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, այսօր ընդունելով պատվիրակության անդամներին՝ «Շվեյցարիա-Հայաստան» խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահներ Ուելի Լոյենբերգերին և Դոմինիկ դե Բումանին։

Հանրապետության ղեկավարն ուրախալի է համարել այն փաստը, որ բարեկամ երկրների խորհրդարանները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ղարաբաղյան հիմնախնդրի նկատմամբ, և վերջին շրջանում տարբեր երկրներից մի շարք պատգամավորական պատվիրակություններ են այցելում Լեռնային Ղարաբաղ: «Մեծապես դրվատելի է, որ աշխարհի առաջադեմ հանրությունն սկսում է վերանայել իր մոտեցումներն ու գալ այն եզրահանգման, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն էլ, աշխարհի մյուս ժողովուրդների նման, ունի իր ճակատագիրը տնօրինելու, ազատ ու անվտանգ ապրելու իրավունք, և որ այնտեղ կառուցվում է իրապես ժողովրդավարական երկիր և քաղաքացիական հասարակություն»,-ասել է Նախագահը:

Շվեյցարիայի խորհրդարանականները նշել են, որ անչափ տպավորված են Հայաստան և ԼՂՀ այցելություններից և այդ տպավորությունները, անշուշտ, ներկայացնելու են նաև Շվեյցարիայի կառավարությանը, որը, մի քանի ամիս հետո ստանձնելով ԵԱՀԿ-ում նախագահությունը, ջանքեր է գործադրելու նաև այս տարածաշրջանում խնդիրների լուծման, տևական խաղաղության հասնելու ուղղությամբ:

Թողնել պատասխան

Back to top button