ԿարևորՀասարակություն

Այսօր կենդանիների համաշխարհային օրն է

Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»

Այսօր կենդանիների համաշխարհային օրն է: Այն նշվում է 1931 թվականից աշխարհի ավեի քան 60 երկրներում: Հայաստանում օրը նշում են 2008 թվականից: Սակայն ինչպես այսօր լրագրողների հանդիպման ժամանակ նշել է «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործական համագործակցության ներկայացուցիչ Նարե Արամյանը, միջոցառումների կազմակերպումից բացի լուրջ առաջընթաց չի գրանցվել: «Հայաստանում մարդկանց նկատմամաբ են դաժանորեն վարվում, ուր մնաց կենդանիների հանդեպ դաժան չվարվեն…»,- ասել է ասուլիսին ներկա ՀՀ վաստակավոր դերասանուհի եւ մեծ կենդանասեր Լալա Մնացականը:

Եվս մեկ օր այն 365 օրերից, որ հիշում ու նշում են շատ քչերը: Կենդանիների համաշխահային օրը հենց այդ օրերի շարքում է: Արդեն մի քանի տարի է, ինչ օրը նշվում է Հայաստանում, սակայն դրանից ոչ թափառող կենդանի թիվն է նվազում, ոչ էլ մարդկանց վերաբերմունքն է փոխվում: Արտասահմանում երբեք չես տեսնի մեկին, որ փոքրուց երեխայի մեջ կենդանու նկատմամբ վախի կամ ատելության զգացում սերմանի, իսկ մեր երկրում, ցավոք, այդպես է, մտահոգվում է ՀՀ վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանը , չնայած նրա խոսքով՝ «Հայաստանում մարդկանց նկատմամբ են դաժան վերաբերվում, էլ ուր մնաց կենդանիների հանդեպ դաժան չվարվեն: Դա խոսում է նրա մասին, որ մենք այս ոլորտում իսկապես մեծ բաց ունենք եւ շատ հետեւողական աշխատանք պետք է կատարենք»:

Դերասանուհին անդրադարձավ նաեւ վերջերս Խոսրովի անտառ- արգելոցում տեղի ունեցող հանցագործությանը ու իր դիտարկումն արեց. «Բառեր չեմ գտնում այդ վայրագությունը բնորոշելու համար: Վերջերս էլ գրվեց, թե մի խեղճ ու կրակ էին գտել, ցույց էին տալիս, իբրեւ նա է արել: Թե ինչպես այդ մարդը մեն-մենակ այդ գազանների հախից պետք է գար… ծիծաղելի է ուղղակի, ոչ դա արել են այն մարդրիկ, որոնց առջեւ դռները բացել են, եւ նրանք անարգել են մտել այնտեղ»:
Դերասանուհին նշեց , որ ցանկացած բան՝ կենդանիները, մարդիկ, բնությունը օղակներ են. եւ երբ դրանցից մեկը խաթարված է՝ շղթան ամուր չէ:

Չես կարող դաժան վարվել կենդանիների հետ եւ լինել նորմալ, քաղաքակիրթ երկրում. դա բացառված է: Շատ կարեւոր օղակներից մեկը խաթարված է: Սա այն օղակն է, որը եթե խաթարվում է, ապա խաթարվում է պետություն կոչվող շղթան:

Լալա Մնացականյան

«Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործական համագործակցության ներկայացուցիչ Նարե Արամյանն էլ ընդգծեց, որ կենդանիների բարեկեցության ոլորտում ձեռք բերված միակ առաջխաղացումն այն է, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համաձայնել է համագործակցել իրենց հետ և խոստացել է ՀՀ կառավարությանը Ընտանի կենդանիների պաշտպանության Եվրոպական կոնվենցիան դիտարկելու միջնորդագիր ներկայացնել եւ այն ԱԺ–ի վավերացմանը փոխանցել: Ի դեպ՝ Նարե Արամյանի խոսքով՝ Հայաստանը հետխորհրդային երկրներից միակն է, որ չի վավերացրել այդ կոնվենցիան: «Լրիվ բավարար է, որ մենք միանանք կենդանիների պաշտպանության Եվրոպական կոնվենցիային։ Այն ոչ միայն պատիժ է նախատեսում, այլև մատնանաշում է բոլոր այն քայլերը, թե ինչպես պետք է վերաբերվել կենդանուն իսկ դաժան վերաբերմունքի պարագայում նախատեսում է պատիժ՝ վարչական տույժից մինչև քրեական պատասխանատվություն»: Նարե Արամյանն ասաց, որ չնայած արձագանքներին ու իրենց մտահոգություններին թափառող շներին կրակելով վերացնելու դաժան պրակտիկան շարունակվում է: Կազմակերպությանը խոստացել են 2013 թվականից թափառող շներին վերացնել քնեցման եղանակով:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button