ԿարևորՔաղաքական

ԱԺ. ընդդիմության հարձակմանը դիմագրավում է վարչապետը

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Ի տարբերություն քառօրյայի առաջին երկու օրերի, երբ խորհրդարանական քննարկումները ծավալվեցին կոնկրետ հարցի ու քրեաիրավական թեմաների շուրջ, այսօր Ազգային ժողովի քննարկումները վերաբերել են  բյուջեին ու ֆինանսական  ոլորտին:  Խորհրդարանանն այսօր քննարկել է  ոլորտին վերաբերող միանգամից երկու ծավալուն փաստաթուղթ: Պատգամավորները նախ լսել են Կենտրոնական բանկի 2011 թ. դրամավարկային ծրագրի կատարման հաշվետվությունը, ապա անցել են  բյուջե 2011-ի կատարողականի քննարկմանը:
ԿԲ ծրագրի կատարման հաշվետվությունը ներկայացրեց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

Ելույթի կարմի թելը գնաճն էր, նաև ներքին ու արտաքին այն գործոնների թեման, որոնք հաշվետու տարում ազդել են գնաճի ձեւավորման վրա: Ըստ Ներսես Երիցյանի՝  2011 թվականի սկիզբը  բնորոշվեց  գնաճի բարձր, իսկ տարեվերջը՝ նախատեսված ցուցանիշներին համապատասխանող  միջավայրով։
Ներկայացրած զեկույցի համաձայն՝  2011 թ. Կենտրոնական բանկի իրականացրած դրամավարկային քաղաքականությունը հանգեցրել է գնաճի տեմպերի նվազմանը եւ կայունացմանը, ինչն ուղեկցվել է տնտեսական ակտիվությամբ:

Խորհրդարանական ընդդիմությունը փաստաթղթի քննարկման ժամանակ կենտրոնացավ ոչ այնքան ԿԲ փոխնախագահի ներկայացրած այս լավատեսական միտումների, որքան մտահոգությունների վրա: Ամենամեծ առակությունները ՀԱԿ  խմբակցության  անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանինն էին: Նա կետ առ կետ ներկայացրեց դրանք՝ անդրադառնալով, թե գնաճի նպատակադրմանը, թե Կենտրոնական բանկի՝ միաժամանակ  կարգավորման  ու վերահսկման գործառույթներին, նաև ՝ հրապարակված ցուցանիշների արժանահավատությանը:

«ԿԲ հաշվետվության վերլուծությունը ցույց է տալիս, որ ներկայումս ՀՀ ԿԲ-ն թարախապալարի նման թույլ չի տալիս ՀՀ տնտեսության հետագա զարգացումը։ Առանց այդ համակարգի արմատական բարեփոխման՝ հնարավոր չի լինելու ապահովելու ՀՀ տնտեսության զարգացումը։ Սա ճակատագրական հարց է»:

Հրանտ Բագրատյան

Հարցը եթե ոչ ճակատագրական, ապա խիստ կարևոր համարեց նաև ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, ում կարծիքով , ԿԲ-ն թեև կարևորում է գնաճի զսպման քաղաքականությունը, բայց անարդյունավետ կարգավորում է իրականացնում:

 

«Մեր տնտեսությունը, ցավոք, բանկային տնտեսություն է  և ծառայում է  այս հատվածի ֆինանսավորմանը:  Պատահական չէ, որ բանկային համակարգում առկա դրական ցուցանիշներն իրական կյանքի հետ որևէ աղերս չունեն: Բանկերն ու բանկիրները հարստանում են, իսկ քաղաքացիներն ու տնեսվարող սուբյեկտները՝ աղքատանում»:

Արծվիկ Մինասյան

Ինչ վերաբերում է 2011 թ, բյուջեի կատարողականին, ապա հիշեցնեմ, որ նախորդ ողջ շաբաթվա ընթացքում ոլորտ առ ոլորտ այն քննարկել են խորհրդարանական բոլոր հանձնաժողովները: Փաստաթուղթը խորհրդարանում այսօր ներկայացնելիս վարչապետ Տիգրան Սարգսյանը կրկին 2011-ը բեկումնային համարեց, իսկ տարին բնորոշեց որպես տնտեսական վերականգնումը ամրապնդող տարի:
Ըստ հաշվետվության՝ գրեթե բոլոր ոլորտներում ծրագրված ծախսերը կառավարությունը կատարել է 100 տոկոսին մոտեցող ցուցանիշով:
Ի դեպ՝ վարչապետն իր զեկույցից հետո չպատասխանեց պատգամավորների հարցերին՝ այդ պարտականությունը թողնելով Ատոմ Ջանջուղազյանի վրա: Այս առիթով դժգոհությունն արդեն Նիկոլ Փաշինյանինն էր:

«Երբ ներկայացվեց Տիգրան Սարգսյանը, ասվեց, որ հիմնական զեկուցողին ձայն է տրվում: Հիմա ես հարցեր ունեմ հիմնական զեկուցողին, բայց նա այստեղ չէ: Հրավիրեք, որ հարցեր տամ»:

Տիգրան Սարգսյանը հարցերին պատասխանեց, բայց արդեն կառավարություն –ԱԺ հարցուպատասխանի ժամանակ: Արամ Մանուկյանը, հիշեցնելով կատարողականի քննարկումն ու վարչապետի՝ դահլիճից հեռանալը, Տիգրան Սարգսյանին հորդորեց հարգանքով վերաբերվել խորհրդարանին:
Վարչապետն էլ իր հերթին պատգամավորներին հորդորեց հարգալից լինել կառավարության նկատմամբ:


«Կառավարության անդամների հասցեին հնչում են հայտարարություններ, մեղադրանքներ և այնպիսի խոսքեր, որոնք հարիր չեն պատգամավորներին: Ես խիստ հանձնարարական եմ տվել, որ չարձագանքեն այդպիսի հայտարարություններին: Եթե հարգալից վերաբերմունք եք պահանջում, ապա այն կարող է փոխադարձ լինել:  Չեմ կարծում, որ այդպիսի պահվածքը բարձրացնում է ընդդիմության հեղինակությունը»:

Տիգրան Սարգսյան

 

 

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button