Քաղաքական

Գցում են երկրի վարկը, բարձրացնում՝ Օսկանյանի

Նվարդ Դավթյան

«Ռադիոլուր»

Նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանին պատգամավորական անձռնմեխելիությունից զրեկելու գործում արտառոց որևէ բան չկա, ասում է նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը: Առաջին անգամը չէ, որ համակարգը գործում է նույն մեխանիզմով: Լարիսա Ալավերդյանը հիշեցնում է, որ Վարդան Օսկանյանն էլ եղել է այդ համակարգի մասը:
Նախկին օմբուդսմենը եւ նախկին պատգամավորը առաջ է քաշում Հայաստանում ընդունվող օրենքների և մարդու իրավունքներին դրանց հակասելու խնդիրը:
Լարիսա Ալավերդյանն այս գործընթացները խաղ չի համարում, բայց կարծում է, որ դրանք ստվեր են գցում երկրի վարկանիշի վրա, փոխարենը՝ կարող են բարձրացնել Օսկանյանի վարկանիշը:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նույնպես կատարվածի հիմքում քաղաքական դրդապատճառներ է տեսնում: Որ «Սիվիլիթասում» վարչական խնդիրներ եղել են, խոստովանել է նաև Օսկանյանը: Իրավապաշտպանը կարծում է, որ վարչական վարույթ իրականացնելու փոխարեն փողերի լվացման մեղադրանք ներկայացվել է Օսկանյանին վարկաբեկելու նպատակով:
Ավետիք Իշխանյանը համոզված է, որ դատախազն առանց վերևի ցուցումների նման գործ չէր հարուցի: Եվ որքան էլ  մեղադրանքի իրավական հիմքերը, հիմնավորումները թույլ գնահատվեն, միևնույնն է՝ Հայաստանում չի գտնվի որևէ դատավոր, որ համարձակություն ունենա ասելու` բավարար փաստեր չկան:
Նրա խոսքով` ոչինչ էլ տեղի չէր ունենա, եթե «Բարգավաճ Հայաստանն» ու Օսկանյանը հայտարարեին, որ նախագահական ընտրություններում սատարում են գործող նախագահին:  Ավետիք Իշխանյանի դիտարկմամբ` իշխանությունները պրոֆիլակտիկ քայլեր են ձեռնարկում` հետընտրական շրջանում լարվածություն թույլ չտալու համար:
Օսկանյանի գործի հետագա ընթացքը կախված է քաղաքական գործընթացներից, հատկապես հարցից` ինչպես իրեն կպահի «Բարգավաճ Հայաստանը»:

Խնդիրը քաղաքական հարթության մեջ է դիտարկում նաև քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:  Գալիք նախագահական ընտրությունների շեմին իշխանությունը փորձում է թուլացնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Նա պատահական չի համարում, որ Վարդան Օսկանյանի դեմ քրեական գործը բացվեց  ԲՀԿ-ի՝ կոլաիցիա չմտնելու մասին հայտարարությունից մեկ օր անց:
Ինչ է սպասվում Վարդան Օսկանյանին:  Քաղաքագետի կարծիքով` դա կախված է հասարակության պահվածքից ու դիրքորոշումից: Բոզոյանը կարծում է, որ այս գործընթացը կշարունակվի, ՀՀԿ-ն կփորձի մեղադրանք ներկայացնել նաև իր կուսակիցներիի` ցույց տալով, թե բռնում են նաև յուրայիններին: Այնպես որ, նա հանրապետականներին խորհուրդ է տալիս պինդ լինել, լավ քնել:

Թողնել պատասխան

Back to top button