Հասարակություն

Արբիտրաժային դատարան տարեցտարի ավելի շատ մարդ է դիմում

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Տնտեսական դատարանի բացակայության պայամններում առաջացող առեւտրային վեճերը Հայաստանում լուծվում են երկու մասնագիտացված դատավարական կառույցներում: Ֆինանսական արբիտրաժը ստեղծվել է Բանկերի միության կողմից, իսկ Առեւտրաարդյունաբերական պալատին կից գործում է Արբիտրաժային դատարանը: Երկու կառույցի ներկայացուցիչներն էլ պնդում են, որ տարեցտարի իրենց ծառայություններից օգտվողների թիվը շատանում է: Դա չի նշանակում, որ համատարած խախտումներ են տեղի ունենում, պարզապես, հանրային տեղեկացվածությունը դեռ ցածր մակարդակի է:

2010-ին ստեղծված ֆինանսական Արբիտրաժը, կարելի է ասել արդեն կայացած կառույց է, ասում է Արբիտրաժի նախագահ Նաիրա Մարգարյանը՝ վկայակոչելով, որ կայացված վճիռներից դեռեւս բողոքներ չեն եղել ոչ մի կողմից: Տեղեկացնենք, որ Ֆինանսական Արբիտրաժից սովորաբար օգտվում են բանկերն ու վարկային կազմակերպությունները: Առեւտրային վեճերի անդրադառնում է նաեւ Արբիտրաժային Դատարանը: Թեեւ այս տարի լրացավ կառույցի գործունեության 5 տարին, բայց Դատարանի քարտուղար Արմեն Ոսկանյանի համոզմամբ, կառույցը դեռ կայացման փուլում է: Դատարանի ներկայացուցչի համոզմամբ այս դատարանն ունի մի քանի առավելություն մյուսների հանդեպ: Օրինակ՝ ունի գործի քննության առավելագույն ժամկետ, որը 4 ամիս է, ապահովում է գաղտնիությունը՝ նիստերը դռնփակ են, բացի այդ Արբիտրաժային Դատարանում վեճը կարող է քննվել նաեւ օտար լեզվով:

Արմեն Ոսկանյանի ներկայացմամբ՝ քննված գործերի վիճակագրությունը փաստում է. առեւտրային վեճերը հիմնականում վերաբերում են իրար նկատմամբ չկատարված պարտավորություններին, մասնավորապես՝ ներկայացվում է գումարի բռնագանձման պահանջ: Ի դեպ՝ եթե կողմերը համագործակցության պայմանագիր կնքելիս նախապես կնքում են նաեւ արբիտրաժային համաձայնություն, ապա դա նշանակում է, որ առեւտրային վեճի դեպքում հարցը քննվելու է կամ ֆինանսական Արբիտրաժում, կամ Արբիտրաժային Դատարանում: Այլ դատարանները այդ գործը չեն վերցնի վարույթ:

Եւս մեկ կարեւոր գործոններից մեկն էլ այն է, որ վերոնշյալ երկու կառույցների կայացրած վճիռները վերջնական են եւ վերանայման ենթակա չեն ոչ մի այլ ատյանում: Նշենք, որ Հայաստանը հանդիսանում է Նյու Յորքի միջազգային Կոնվենցիայի անդամ, դա նշանակում է, որ Արբիտրաժային դատարանների կայացրած վճիռները ընդունվում են Կոնվենցիայի անդամ հանդիսացող 141 պետություններում, ինչպես որ այստեղ պետք է ընդունվեն այդ պետություններում կայացված վճիռները: Նաիրա Մարգարյանի ներկայացմամբ՝ սա նշանակում է. եթե Արբիտրաժը գույքի բռնագանձման վճիռ է կայացնում եւ կողմերից մեկը գույք ունի նաեւ օտար երկրներում, ապա վճիռը ի կատար կածվի նաեւ Կոնվենցիայի անդամ հանդիսացող պետություններում:

Թողնել պատասխան

Back to top button