Մշակույթ

Այսօր ճանաչված դերասան Արմեն Ջիգարխանյանի ծննդյան տարեդարձն է

Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»

 

Այսօր ճանաչված դերասան Արմեն Ջիգարխանյանի ծննդյան տարեդարձն է: Յուրօրինակ նվեր երեկոյան կմատուցվի ոչ թե հոբելարին, այլ՝ հայ հանդիսատեսին: Առնո Բաբաջանյան համերգասրահում «Հայ Արտ» մշակութային կենտրոնը կներկայացնի Ռիտա Շառոյանի «Խոսիր ինձ հետ» վավերագրական ֆիլմաշարի «Արմեն Ջիգարխանյան» տեսաֆիլմը: Մեկ այլ պրեմիերա էլ տեղի կունենա նոյեմբերի 10-ին՝ Մոսկվայում: «Ընդհատված երգը» ֆիլմն էլ ղարաբաղյան պատերազմի մասին է:

Սիրված եւ ճանաչված դերասան Արմեն Ջիգարխանյանն այսօր կդառնա 77 տարեկան: Ծննդյան նվերն ու շնորհավորանքներն արտիստին մատուցելու յուրօրինակ տարբերակ է գտել «Հայ Արտ» մշակության կենտրոնը՝ ներկայացնելով Ռիտա Շառոյանի «Խոսիր ինձ հետ» վավերագրական ֆիլմաշարի «Արմեն Ջիգարխանյան» տեսաֆիլմը: 20 րոպեանոց ֆիլմը նվիրումի և սիրո համեստ արգասիքն է մեծանուն արտիստի տարեդարձին, ասաց ֆիլմաշարի հեղինակ Ռիտա Շառոյանը: Նրա խոսքով՝ ֆիլմով հնարավոր է արտացոլել Ջիգարխանյան դերասանի ու մարդու ներաշխարհը, նաեւ նրա աշխարհայացքն ու փիլիսոփայական ընկալումները:

«Ջիգարխանյանին մենք տեսնում ենք էկրանից այն կողմ, ամենատարբեր կերպարանքներով, բայց նրա փիլիսոփայական ընկալումները, աշխարհայացքն այնքան էլ ծանոթ չէ հանդիսատեսին: Այս ֆիլմը, ու ընդհանրապես ֆիլմաշարը հենց այդ նպատակի համար է»: «Խոսիր ինձ հետ» վավերագրական ֆիլմաշարի նպատակն է հայ անվանի մշակութային, հասարակական, քաղաքական գործիչների լռության ձայնը լսել ու փոխանցել մյուսներին: Արդեն նկարահանվել են Գրիգոր Գուրզադյանի, Հրանտ Մաթևոսյանի, Հովհաննես Չեքիջյանի մասին պամող ֆիլմերը, մինչև տարեվերջ հանրությանը կներկայացվի նաև Գալյա Նովենցի մասին պատմող ֆիլմը: «Ընտրում եմ հիմնականում այն մարդկանց, ովքեր շատ չեն սիրում խոսել, շփվել լրագրողների հետ»: Հիշեցնենք, որ ֆիլմի շնորհանդեսը տեղի կունենա այսօր՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում:

Իսկ ահա նոյեմբերի 10-ին Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության Մոսկվայի տանը տեղի կունենա ղարաբաղյան պատերազմի մասին պատմող «Ընդհատված երգը» ֆիլմը: Այն պատմում է 20 տարի առաջ Ղարաբաղում ընթացքղ պատերազմական գործողությունների ժամանակ հայ եւ ադրբեջանցի զինվորների մասին. որոնք միեւնույն փոսում են հայտնվում:

Ֆիլմի հեղինակները՝ մոսկվաբնակ հայեր՝ ռեժիսոր Արիկ Մանուկյանն ու պրոդյուսեր Աշոտ Պողոսյանը կարծում են, որ կինոյի լեզվով ավելի հեշտ կներկայացնեն հայ-ադրբեջանական հարաբերությունների բարդությունն ու ղարաբաղյան հակամարտությունը։ Հեղինակները հուսով են, որ ֆիլմը կպատասխանի հայ-ադրբեջանական հակամարտության առնչվող որոշ հարցերի:

Թողնել պատասխան

Back to top button