ԿարևորՏնտեսական

Ճգնաժամը հաղթահարված չէ, ասել է Վոլֆգանգ Թիրզեն

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Եվրոպական ճգնաժամը անհանգստացնում է մարդկանց` անգամ ամրապնդված տնտեսություն ունեցող եվրոպական երկրներում: Սա լուրջ մարտահրավեր է եվրոպայի համար եւ պետք է մտածել, թե արդյոք կան գործիքներ` այն հաղթահարելու համար: Այս մասին այսօր Երեւանում կազմակերպված քննարկման ժամանակ հայտնել է Գերմանիայի դաշնային հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեն: «Ինչ է նշանակում Եվրամիության ճգնաժամը Հայաստանի եվրոպական հեռանկարի համար» խորագրով քննարկման ընթացքում գերմանացի պաշտոնյան նկատել է, որ կան վտանգներ եւ ոչ ոք չգիտի, թե ինչպիսին կլինի եվրոպական տնտեսությունը, եթե այսօր ճիշտ որոշումներ չընդունվեն:

Եվրոպական ճգնաժամի ազդեցությունը ավելի մեծ կլինի, եթե այսօր ընդունվեն սխալ որոշումներ: Այս կարծիքին է Գերմանիայի դաշնային հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեն: Եվրոպական ճգնաժամը դիտարկելով որպես մարտահրավեր ժողովրդավարական քաղաքականության համար` նա կարծիք հայտնեց, որ կան կառուցվածքային սխալներ, որոնց հետեւանք է ճգնաժամը: Օրինակ, ըստ նրա, կա միասնական արժույթ, սակայն չկա միասնական ֆինանսատնտեսական քաղաքականություն:

Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահի խոսքով` ճգնաժամը հաղթահարված չէ ու այն հաղթահարելու համար հիմա են անհրաժեշտ քայլեր ու մեծ միջոցներ: Վոլֆգանգ Թիրզեն կարծում է, որ այսօր պետք է սկսվեն եվրոպայի ապագայի մասին քննարկումներ` անհրաժեշտ ռեֆորմներ իրականացնելու համար, մինչդեռ, նրա փոխանցմամբ, մինչ օրս չի հաջողվել հրավիրել համաեվրոպական մի համաժողով, որտեղ Եվրոպայի պատասխանատու երկրները կքննարկեն հարցը, թե ինչպես է պետք նոր կյանք պարգեւել Միավորված եվրոպային, որ այն կարողանա իր տեղը գտնել գլոբալիզացվող աշխարհում: Անհրաժեշտ է, որ տնտեսական գործընթացներն ու քաղաքական զարգացումները համահունչ լինեն իրար հետ` եզրակացրեց գերմանացի բարձրաստիճան պաշտոնյան:

Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն անդրադարձավ Հայաստանի ապագա զարգացման համար եվրոպական հեռանկարներին: Նա մասնավորապես առանձնացրեց «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում առաջ քաշված ասոցացման համաձայնագրի կարեւորությունը:

Եվրոինտեգրման գործընթացներում կարեւոր եւ միակ ճանապարհը կայուն եւ հարատեւ խաղաղությունն է` նկատեց Արտակ Զաքարյանը` շեշտելով, որ այդ առումով ակնկալվում է եվրոպական գործընկերների հստակ դիրքորոշումը նույն գործընթացում ներգրավված Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների նկատմամբ:
Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի գնահատմամբ` մեր երկիրը եվրոպական ինտեգրացիայի ուղղությամբ դրական տեղաշարժեր կատարել է, սակայն դա անհրաժեշտ է բոլոր ոլորտներում: Նրա խոսքով, լավ հնրավորություններ կան օգտվելու այն մոդելից, որ արդեն կա եվրոպայում, սակայն, ըստ նրա, հաճախ պատրաստի մոդելներ ունենալով մենք չենք կարողանում դրանք լիարժեք իրականացնել:

Թողնել պատասխան

Back to top button