ՀասարակությունՏնտեսական

Արենի գինու ավանդական փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 6-ին

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Հայկական գինու ներկայացվածությանը նոր շունչ ու նոր խթան հաղորդելու նպատակով Վայոց ձորի Արենի գյուղում արդեն ավանդական է դարձել գինու փառատոնի անցկացումը: Արենին համարվում է գինեգործության դարավոր ավանդույթների կրող բնակավայրը: Փառատոնի անցկացումը նաեւ զբոսաշրջությունը խթանելու նպատակ ունի: Արենի գինու ավանդական փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 6-ին` զուգակցվելով գինեգործական ընկերությունների տոնական շքերթով, գործարանային եւ տնական արտադրության գինիների ցուցահանդես-վաճառքով: Այս տարի մասնակից կլինեն նաեւ իտալական ընկերությունների ներկայացուցիչներ: Գինու փառատոնը միայն գինով չի սահմանափակվելու, այսօր լրագողներին տեղեկացրին փառատոնի կազմակերպիչները: Լինելու է նաեւ տեղական պանիրների, հայկական գորգերի ցուցադրություն, ազգային երաժշտություն, պար, խաղեր, թատերական բեմադրություններ: Գինեգործական ավանդույթների մասին խոսելով` Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը փոքր-ինչ ետ գնաց` խոսելով խաղաղագործության խնդիրների եւ ձեռքբերումների մասին: Վայոցձորյան Արենի գինի արտադրողների մրցակցային դիրքերը թուլացնում են այն ընկերությունները, որոնք եւս Արենի են արտադրում, սակայն ոչ Արենի գյուղում եւ մթերելով Արենի տեսակի խաղողը:

Փառատոնին նաեւ տնային տնտեսությունների արտադրած գինին ներկայացնելու նպատակով են քայլեր ձեռնարկվել, ասաց «Արենի» փառատոնի հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը: Ի դեպ` վիճակագրությունը խոսում է Հայաստանում գինեգործության ծավալների խոշոր աճի մասին, մասնագետներն էլ` հայկական գինու որակի բարձրացման: Միայն այս տարվա առաջին կիսամյակում գինեգործության ոլորտում արտադրվել է շուրջ 1.67 մլրդ դրամի արտադրանք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 11.7 տոկոսով:

Թողնել պատասխան

Back to top button