ԿարևորՄիջազգային

Երկու հայ պատգամավորի «Վրացական երազանք»- ը

Գիտա Էլիբեկյան

«Ռադիոլուր»- Թբիլիսի

Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալներով՝ ընդդիմադիր «Վրացական երազանքը» հաղթանակ է տարել: Ողջ գիշեր Թբիլիսիիում տոնական տրամադրություն էր. իրենց հաղթանակն էին տոնում ընդդիմության համակիրները:

 

Իվանիշվիլին կդառնա վարչապետ

Երեկ երեկոյան, երբ փակվեցին բոլոր ընտրատեղամասերը, ընդդիմության բազմաթիվ համակիրներ հավաքվել էին Թբիլիսիի Ազատության հրապարակում: Այստեղ նրանք իմացան exit poll-ի արդյունքները, ըստ որի՝ առաջատարը «Վրացական երազանքն» է: Ընդդիմության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին իր հեռուստաելույթում շնորհավորելով համակիրներին ասաց, որՎրաստանում ընտրությունների միջոցով խաղաղ իշխանափոխություն տեղի ունեցավ:
Նա հույս հայտնեց, որ կվերադարձնի Վրաստանի իր քաղաքացիությունը և կհաստատվի վարչապետի պաշտոնում:
Հատկանշական է, որ Վրաստանում գործադիր իշխանությունը հաջորդ տարվանից նախագահից անցնելու է վարչապետին: 2013թ. երկրի նոր վարչապետին առաջադրելու է հենց խորհրդարանական ընտրություններում հաղթած կուսակցությունը:

Վրաստանի ամենաժողովրդավարական ընտրությունները

Վերլուծաբան Գերոգի Արեշիձեն ասում է, որ չնայած դեռ ԿԸՀ չի հրապարակել ընտրությունների վերջնական արդյունքները, սակայն արդեն պարզ է, որ հաղթել է ընդդիմությունը: Եւ այս հաղթանակն այնքան ազդեցիկ է, որ իշխանությունների համար դժվար կլինի այն փոփոխել:
«Առաջին անգամ հաղթում է ընդդիմությունը: Չնայած բոլոր թերություններին ու խախտումներին՝ կարելի ասել, որ ժողովրդավարական ընտրությունները Վրաստանում կայացան»։
Սակայն այս ընտրությունները երկրի պատմության մեջ կմնան որպես ամենամրցակցայինն ու ամենալարվածը. բանտային սկանդալը, որ սկիզբ առավ ընտրություններից երկու շաբաթ առաջ, բացասաբար անդրադարձավ իշխանական կուսակցության ռեյտինգի վրա:

Սահակաշվիլին հարգում է ժողովրդի ընտրությունը

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին արդեն ընդունել է ընտրություններում «Վրացական երազանք» դաշինքի հաղթանակը:
«Ես հարգում եմ վրաց ժողովրդի ընտրությունը, որը թեև ընտրել է ինձ համար անընդունելի քաղաքական այս ուժին, բայց ես որպես երկրի նախագահ ամեն հարցով կաջակցեմ նրանց»:

Երկու հայ պատգամավոր «Վրացական երազանքում»

Ինչ վերաբերվում է Վրաստանի հայ համայնքին, ապա այս անգամ, թերևս առաջին անգամ, շատերը բարձրաձայն ասացին, որ միանում են ընդդիմությանը: Արդեն կարելի է ասել, որ «Վրացական երազանքի» ցուցակով առաջադրված առաջին երկու հայ թեկնածուները` Ռուսլան Պողոսյանն ու Յուրի Մեչիտովը կանցնեն խորհրդարան:
«Սա Վրաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ հաղթում է ընդդիմությունը», — ասաց դաշինքի ցուցակում 38 -րդ տեղն զբաղեցնող Ռուսլան Պողոսյանը՝ հավելելով, որ նորընտիր խորհրդարանը հայ համայնքին վերաբերող բազմաթիվ հարցեր պետք է լուծի:

Թողնել պատասխան

Back to top button