Հասարակություն

«Գրին քարտի» մեկնարկը տրվում է այսօր

 Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Այսօր մեկնարկում է «Բազմազանության արտոնագիր» վիճակախաղի (Գրին քարտի) 2014թ. խաղարկության գրանցման մեկամսյա գործընթացը: Ծրագիրն իրականացնում է  ԱՄՆ պետքարտուղարությունը և թույլ է տալիս շահել Միացյալ Նահանգներում մշտական բնակության իրավունք:
Վիճակախաղի մեկնարկի կապակցությամբ մեր երկրում ԱՄՆ հյուպատոս Ջորջ Լինն այսօր դեսպանատանը ներկայացրեց խաղարկության գրանցման գործընթացը: Ըստ նրա՝ վիճակախաղին մասնակցելու համար անհրաժեշտ է միայն լրացնել համացանցում տեղադրված ձևը և հույս դնել բախտի վրա։
Եթե ցանկանմում ենք մասնակցել այս վիճակախաղին, ապա համապատասխան դիմումը պետք է ներկայացնեք  էլեկտրոնային տարբերակով  մինչև  նոյեմբերի 3-ը: Մասնակցության համար  պետք է այցելել  www.dvlottery.state.gov կայքն ու գրանցման համար նախատեսված ժամանակահատվածում լրացնել առցանց դիմում: Հյուպատոսը նշեց, որ թղթային կրիչներով դիմումներ չեն ընդունվում և խորհուրդ տվեց մասնակիցներին գրանցումը չթողնել վերջին շաբաթվան, քանի որ մեծ պահանջարկը կարող է անդրադառնալ կայքի աշխատանքի վրա:
Նոյեմբերի 3-ից հետո դիմումներն այլևս չեն ընդունվի:

Նշենք, որ ըստ ամերիկյան օրենսդրության, ամեն տարի մշտական բնակության առավելագույնը 55 000 արտոնագիր է տրամադրվում ԱՄՆ ներգաղթի ցածր ցուցանիշներ ունեցող երկրների քաղաքացիներին:
«Բազմազանության արտոնագիր» ամենամյա այս ծրագրի շրջանակում մշտական բնակության արտոնագիր ստանալու համար անհրաժեշտ է բավարարել մի շարք պարզ ու հստակ չափանիշների: Ընտրությունը կատարվում է վիճակախաղի միջոցով, որի ժամանակ համակարգիչը պատահական ընտրանքի միջոցով որոշում է հաղթողներին, ովքեր իրավունք են ստանում ներգաղթային արտոնագրի դիմում ներկայացնել:

«Գրին քարտերը» բաշխվում են  վեց աշխարհագրական տարածքներում, սակայն գերակշիռ մասը տրվում է այն երկրներին, որոնք ունեն ԱՄՆ ներգաղթի ցածր ցուցանիշներ: Իսկ այն երկրների քաղաքացիները, որտեղից վերջին 5 տարիների ընթացքում ներգաղթած անձանց թիվը գերազանցում է 50.000-ը, իրավունք չունեն մասնակցել այս ծրագրին:
Ըստ ամերիկացի դիվանագետի՝ 2011 թ-ին Հայաստանից «Գրին քարտ» է շահել 1200 մարդ , իսկ 2012թ- ին՝ 998-ը: Հյուպատոսը նաև նշեց, որ հաղթելու դեպքում արտոնագիր ստանալու համար վճարվող գումարի չափը կախված է ընտանիքի անդամներից և կազմում է 330 դոլար՝ մեկ անձի համար: Հարցազրույցը չանցնելու պարագայում գումարը չի վերադարձվում:

Թողնել պատասխան

Back to top button