ԿարևորՔաղաքական

Հանրային շա՞հ, թե՞ փոթորիկ մատնոցում

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Ազգային ժողովի այսօր մեկնարկած քառօրյայի  առաջին օրն ամբողջությամբ նվիրվել է  գլխավոր դատախազի միջնորդության քննարկմանը: Աղվան Հովսեփյանը դիմել է խորհրդարանին՝ ստանալու պատգամավորների համաձայնությունը  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությնից զրկելու և  որպես մեղադրյալ ներգրավելու հարցի վերաբերյալ:

Գլխավոր դատախազը խորհրդարանին տեղեկացրել է, որ միջնորդությունը պատգամավորի կալանավորում չի ենթադրում և չի  զրկում  Օսկանյանին պատգամավորական մանդատից: Որպես մեղադրյալ ներգրավելը, ըստ Աղվան Հովսեփյանի, անհրաժեշտ է մայիսի 25-ին հարուցված քրեական գործի նախաքննությունն օբյեկտիվ ու համակողմանի իրականացնելու համար:

Քրեական գործը, հիշեցնենք, հարուցվել է Քրօր. 190-րդ հոդվածի հատկանիշներով և առնչվում է առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների յուրացմանն ու ստացած եկամուտներն օրինականացմանը:

Գործի շրջանակում քննությունը դիտարկում է այն փաստերը, համաձայն որոնց Հայաստանում հիմնադրված  «Հանթսման Բիլդինգ Փրոդաքս» ընկերության  բաժնետոմսերը, որոնք պատկանում են  ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր մաթերիալս» եւ «Հանթսման Ինթերնեյշընըլ» ձեռնարկություններին, վաճառվել են 2 մլն դոլարով, գործարքը, սակայն,  չի ներկայացվել հարկային մարմինններին , բացի այդ ՝ ամերիկյան կողմի ցանկությամբ բարեգործության համար նախատեսված այդ գումարից մոտ 1 մլն 135 հազար դոլարն իրականում «բարեգործական նպատակներին» չի ուղղվել:

 «Ամերիկյան կազմակերպությանը վստահել է Վարդան Օսկանյանին, ով էլ այդ գումարը «Սիվիլիթասին» պետք է տրամադրեր՝ բացառապես բարեգործական նպատակներով օգտագործելու համար։ Այդ գումարները, սակայն, նստել են Օսկանյանի հաշվին ու ծախսվել անձնական նպատակներով»։ 

Իսկ կա՞ արդյոք բողոք  այն կազմակերպության կողմից, որի միջոցները փաստորեն յուրացվել են՝ գլխավոր դատախազին հարցրե ց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Յուրացում կամ վատնում են  ուրիշի միջոցները, բայց ձեր ներկայացրած միջնորդության մեջ մենք այդ ուրիշին չտեսանք՝ ասաց Փաշինյանը:

«Ուրիշը հենց «Սիվիլիփթաս» հիմնադրամն է: Մենք պաշտպանում ենք «Սիվիլիթասի» գույքային շահերը»,- պատասխանեց Աղվան Հովսեփյանը:
Սա , ըստ դատախազի,  մասնավոր բողոքի գործ չէ և նախաքննության մարմինները պարտավոր են կատարել իրենց գործառույթները, քանի որ այստեղ կա հանրային շահի գերակայություն։

Ըստ ընթացակարգի իրեն հատկացված 20 րոպեների ընթացքում՝ Վարդան Օսկանյանը պատասխանեց երկու հարցի՝  ինչո՞ւ է գումարներն   իր մոտ պահել և ինչպե՞ս է օգտագործել։ Ըստ նրա՝  Հանթսմանների ընտանիքը գումարը տրամադրել է հենց իրեն՝ իր հայեցողությամբ և  առանց ժամկետների տնօրինելու համար։  Դրանց մի մասն ինքն ավանդադարել է, ինչի արդյունքում գումարը ոչ թե պակասել, այլ ավելացել է:

 «Պարոն դատախազ, փողը կա, բողոք չկա։ Ոչ միայն բողոք չկա, այլ նաև հակառակի պնդումը կա՝ «Հանթսման» հիմնադրամն ասում է՝ մենք էդպես ենք ուզել, «Սիվիլիթասն» ասում է ՝ այսդպես էլ պետք է լիներ: Ես կարծում եմ, որ սա փոթորիկ է ոչ թե բաժակի, այլ՝ մատնոցի մեջ»:

Ի դեպ՝ գլխավոր դատախազին  և ԲՀԿ պատգամավորին հարց ուղղեց մոտ 3 տասնյակ  պատգամավոր,  գերակշիռ մասը՝ հանրապտեականներ: ԲՀԿ-ական պատգամավորները որևէ հարց չհնչեցրին,  ինչպես պարզվեց ՝ որպես բողոքի նշան: Նիստի սկզբին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ խմբակցությունը չի մասնակցի ԱԺ այսօրվա քվերակություններին: Նիստի ավարտին արդեն պարզվեց, որ ԲՀԿ-ն չի մասնակցի քառօրյա նիստերի հետագա աշխատանքներին նույնպես:

ԲՀԿ-ն, որը  դատախազի միջնորդությունն ու քրեական գործի հարուցումը քաղաքական հոտապնդում է համարում, կբոյկոտի նաև միջնորդության քվերակությունը, որը, ամենայն հավանականությամբ, կկայանա վաղը:

 

Թողնել պատասխան

Back to top button