ԿարևորՔաղաքական

Օսկանյանը նախ պետք է բարոյական և դիվանագիտական պատասխան տա, իսկ միջնորդագիրը պետք է մերժվի, ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ Ժառանգությունը չի մասնակցելու Վարդան Օսկանյանին անձեռմխելիությունից զրկելու միջնորդագրի քննարկմանը:

«Վարդան Օսկանյանը նախ և առաջ պետք է բարոյական և դիվանագիտական պատասխան տա Մեղրիի տարբերակը բերելու, մադրիդյան առաջարկներն ընդունելու, մարտի մեկի կապակցությամբ իր դիրքորոշումը արտահայտելու համար, ինչպես նաև` իր քաղաքացիների նկատմամբ անտարբերություն ցուցաբերելու համար»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը` հավելելով, որ հայտնի միջնորդագիրը պետք է մերժվի, քանի որ այն նախընտրական է, մինչդեռ՝ օրենքը պետք է վերաբերի բոլորին եւ այս առումով` շատերը պետք է զրկվեն անձեռնմխելիությունից:  
Անդրադառնալով տեսակետներին, որ Վարդան Օսկանյանին ընդդիմադիր իմիջ ձեւավորելուն է այդ ամենը ծառայում` «Ժառանգության» հիմնադիրն ասաց, թե ընդդիմադիր լինելը կամ չլինելը ձևական է այնքան ժամանակ, քանի  դեռ նա պատասխան չի տվել իր առնչությամբ հնչեցված հարցերին:
Ընդդիմադիր գործչի ձեւակերպմամբ` ամեն դեպքում պետության սխալն այլ տեղում է: Նա ասաց, թե շնորհակալ է, որ իր նամակով առաջ քաշած հայտնի հարցադրումներին, ի վերջո,  պատասխանել է խորհրդարանի նախագահը: Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն, ակնկալում էր հստակ պատասխաններ իր հարցադրումներին։
Հայաստանը ունի դե յուրե նոր նախագահության կարիք` շարունակեց «Ժառանգության» առաջնորդը՝  հավելելով, թե ամեն ինչ անելու է իր թեկնածության միջոցով կամ ուրիշին զորակցելով, որ մեր ժողովուրդն ունենա համոզիչ, հաղթական այլընտրանք:
Րաֆֆի Հովհաննիսյանը անհնար է համարում, որ «Ժառանգություն» խմբակցությունը մասնատվի` Ազատ դեմոկրատների հետ ունեցած տարաձայնությունների խորացման պատճառով:
«Ժառանգության» հիմնադիրը քաղաքականության մեջ ոչինչ չի բացառում, սակայն ասաց, որ անձնամբ ինքը նոր լուծումների կողմնակից է՝  հարգանք տածելով բոլոր նախագահների նկատմամբ: Այս անգամ  այլընտրանք է պետք, հավաքական  թեկնածուի կարիք կա, նոր դեմքերի կարիք, շեշտեց ընդդիմադիր գործիչը:
Րաֆֆի Հովհաննիսյանը հերքեց լուրերը, թե ինքը հանդիպել է ԲՀԿ ղեկավարի հետ` շեշտելով, որ նման բան չկա, թեև ինքը բաց է բոլոր համագործակցությունների համար:  Նա նաեւ ասաց, թե սխալ է այն կարծիքը, որ «Ժառանգությունը» դեմ է կոալիցիոն լուծումներին, բայց այդ դեպքում պետք է բոլոր հատվածների խոսքն ու գործը համընկնեն։

 

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button