Միջազգային

Վրացիներն այսօրվա ընտրությունները պատմական են համարում երկրի համար

Գիտա Էլիբեկյան

«Ռադիոլուր»- Թբիլիսի
Վրաստանն այսօր ընտրում է նոր խորհրդարան: Թբիլիսիիում այսօր ոչ աշխատանքային օր է և մարդիկ ակտիվորեն մասնակցում են խորհրդարանական ընտրություններին:
Ըստ պաշտոնական տվյալների՝ ցուցակներում ընդգրկված են ավելի քան 3 մլն 600 հազար ընտրողներ:  Խորհրդարան կանցնեն 150 պատգամավոր, որոնցից 77-ը համամասնական ընտրակարգով, 73-ը` մեծամասնական:

Այս օրը Վրաստանի պատմության մեջ պատմական են համարում շատերը: Մի տարեց կին, որ որդու ուղեկցությամբ էր հասել ընտրատեղամաս, ասաց, որ իր ձայնը կարևոր է Վրաստանի առաջընթացի համար, ուստի չէր կարող այս օրը տանը նստել:
«Ես կարծում եմ այսօրը պատմական օր է լինելու: Ամեն ինչ է փոխվելու է մեր երկրում. ես իմ ձայն տվել եմ «Վրացական երազանքի» ծրագրերին», -ասաց Թբիլիսիի բնակչուհի 30-ամյա Նինոն:
45 –ամյա Կոնստանդինն էլ կարծում է, որ այս ընտրություններից հետո Վրաստանը կունենա արդար խորհրդարան: Միևնույն ժամանակ ասում է, որ ինքն ուզում է ապրել կայուն ու խաղաղ Վրաստանում. ըստ նրա «դա այսօրվա Վրաստանն է»:
Զրուցակիցներիցս մեկն ասաց, որ խորհրդարան անցնող բոլոր պատգամավորներն էլ աշխատելու են Վրաստանի զարգացման համար.«Նրանք բոլորն էլ Վրաստանի քաղաքացիներ են: Թեև տարբեր ծրագրեր ունեն, տարբեր տեսակետներ, բայց կարևորն այն է, որ բոլորն էլ սիրում են իրենց երկիրը…» :
«Այսօր որոշվում է պետության ճակատագիրը: Ոչ ոք չի կարող խանգարել վրաց ժողովրդի ճակատագրին: Մեր ժողովուրդը միշտ էլ ճիշտ որոշում է կայացրել: Ես չեմ խոսում կուսակցության հաղթանակի մասին: Վրաց ժողովուրդն անպայման կհաղթի», -ասել է երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ով այսօր ընտրատեղամաս է այցելել կնոջ և կրտսեր որդու հետ:
Իսկ ընդդիմության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին այսօր ընտրություն կատարելու համար ընտրատեղամաս է ուղեկցել կնոջը: Ինքն անձամբ չի մասնակցել ընտրություններին և իր այդ քայլը բացատրել է նրանով, որ Վրաստանի իշխանությունները բազմիցս փոխել են Վրաստանի սահմանադրությունը` այն հարմարեցնելով իրենց գործելաոճին: Իվանիշվիլին Ֆրանսիայի քաղաքացի է և իշխանութունները հրաժարվել են վերականգնել նրա քաղաքացիությունը, սակայն որոշ փոփոխությունների համաձայն նրան քվեարկելու իրավունք էին տվել:
Այս ընտրություններում հիմնական պայքարն ընթանում է Մ. Սահակաշվիլիի ղեկավարած «Ազգային շարժում» կուսակցության և Բ. Իվանիշվիլիի «Վրացական երազանք»դաշինքի միջև: Ընդդիմությունը ընտրություններից առաջ` սեպտեմբերի 29-ին, հանրահավաք է անցկացրել, որը համարվել է ամենազանգվածայինը Վրաստանի անկախության տարիներից ի վեր` հավաքելով ավելի քան 200 հազար մարդ:
Ընդիիմության համակիրները exit poll-ի արդյունքներին միասին կսպասեն այսօր երեկոյան ժամը 8-ին` Թբիլիսիի Ազատության հրապարակում:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button