Տնտեսական

Պաշտոնյան պարտավոր է ամեն օր աշխատել, որ ստվերը քչանա, հանձնարարել է ՀՀ նախագահը

Հայաստանում իրականացվող հարկաբյուջետային քաղաքականության, գործարար միջավայրի հետագա բարելավման և հարկերի հավաքագրման գործընթացի հետ կապված արդիական մի շարք հարցեր են քննարկվել նախագահ Սերժ Սարգսյանի այսօր հրավիրած խորհրդակցության ժամանակ։

«Ուզում եմ, որպեսզի երկու բան բոլորիս համար հստակ լինի: Մեկ՝ որ մենք պետք է շատ զգուշավոր լինենք նոր դրույքաչափերի սահմանման հարցում, հատկապես՝ դրույքաչափերի ավելացման հարցում: Երկրորդ՝ բոլորիս համար հստակ և շատ պարզ պետք է լինի՝ որքան պետական եկամուտների կոմիտեի կողմից ստվերի դեմ պայքարը խստանա, այնքան դժգոհությունները, միջամտությունները շատ են լինելու: Բայց այդ դժգոհությունները լինելու են կոնկրետ մարդկանց, կոնկրետ սուբյեկտների կողմից, ովքեր, իհարկե, շահարկելու են և դա ներկայացնելու են որպես բիզնեսի շահեր, որպես ժողովրդի շահ, որպես հարկայինի կողմից 37 թվականի միջոցառումների կիրառում»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նա հանրապետության վարչապետին առաջարկել է, որպեսզի կառավարության նիստի ժամանակ հեստակ հայտարարվի, որ ցանկացած միջամտություն, ցանկացած միջնորդություն հարկային մարմինների վրա դիտելու է միջամտություն նրանց աշխատանքին և անխնա պատժելու է բոլոր պաշտոնյաներին:

«Եվ երկրորդ՝ պետք է բարձրանա պաշտոնյաների պատասխանատվությունը ոլորտում տիրող իրավիճակի հանդեպ. եթե ես նախարար եմ, ես պարտավոր եմ ամեն օր պայքարել, որպեսզի իմ ղեկավարած նախարարության համակարգում ստվերը քչանա, որպեսզի իմ ղեկավարած նախարարության համակարգի ձեռնարկությունները լինեն պատշաճ, բարեխիղճ հարկատուներ: Եվ այս հարցում, իրոք, մենք պետք է փոփոխություն մտցնենք՝ վերաբերմունքի փոփոխություն: Թե չէ, թևերը փռում են այդ ձեռնարկությունների վրա և սկսում են բողոքել՝ պարտքեր են առաջանում, եթե հարկերը տանք և այլն և այլն: Բայց եթե իրենք հարկեր չեն տալու, մենք որտեղի՞ց ենք իրենց ֆինանսավորելու: Եվ կարծում եմ, ճիշտ կլինի, որ պարբերաբար՝ երկու ամիսը, երեք ամիսը մեկ, ինչու չէ նաև կառավարության նիստի ընթացքում կոնկրետ նախարարությունը հաշվետվություն տա, թե ի՞նչ է արել ընդհանրապես այս ուղղությամբ: Մեզ համար դա էական նշանակություն ունի»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարը խոսել է նաև ֆինանսների նախարարության և ՊԵԿ համատեղ հանձնաժողովի անկախության բարձրացման կարևորության մասին, որպեսզի լավագույնս պաշտպանվեն հարկատուների իրավունքները։

Թողնել պատասխան

Back to top button