Քաղաքական

Հովարդ Բերման, թե՞ Բրեդ Շերման. ամերիկահայ համայնքը լուրջ երկընտրանքի առաջ է

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»
ԱՄՆ

ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ` ամերիկահայ համայնքը լուրջ երկընտրանքի առաջ է. հայանպաստ գործունեությամբ աչքի ընկած երկու դեմոկրատ կոնգրեսականներ առաջադրվել են միևնույն ընտարատածքում: Այժմ ամերիկահայերը պետք է որոշեն` ում օգտին քվեարկել: Ընտրությունը դժվար է, քանի որ երկու գործիչներն էլ գրեթե հավասարապես ծառայել են հայկական հարցերի լուծման գործին:
Քաղաքական քարտեզի վերաձևման հետևանքով հայամետ դեմոկրատ կոնգրեսականներ Հովարդ Բերմանն ու Բրեդ Շերմանը հայտնվել են միևնույն ընտրատարածքում: Ասել է թե` նոյեմբերին կայանալիք ընտրությունների շեմին հայ համայնքը լուրջ երկընտրանքի առաջ է: Ում ընտրել` 30 տարվա փորձառություն ունեցող 71-ամյա Հովարդ Բերմանին, թե առավել երիտասարդ գործիչ, 58-ամյա Բրեդ Շերմանին: Պատասխանը բարդ է. երկուսն էլ տևական ժամանակ է` ակտիվորեն ընդգրկված են հայանպաստ նախաձեռնություններում: Երկուսն էլ ակտիվորեն պայքարում են հայերի ձայների համար:

«Ես հայ համայնքի հետ եմ շաբաթվա յոթ օրը, մրցակիցս` շաբաթվա 4 օրը հայերի հետ է, 3 օրը` թուրքական համայնքի: Ես չեմ շփվում թուրքերի հետ: Մինչդեռ մրցակիցս հինգ անգամ քվեարկել է Թուրքիային միլիարդներ հատկացնելու օգտին: Ես դեմ եմ դրան, քանի դեռ Թուրքիան շրջափակում է Հայաստանը», ասաց կոնգրեսական Բրեդ Շերմանը:

«Ես միշտ եղել եմ հայկական խնդիրների լուծման պայքարի առաջին գծում` սկսած Հայոց ցեղասպանության ճանաչումից մինչև Թուրքիայում եկեղեցիների ոչնչացումը, Ադրբեջանի դատապարտումը և ղարաբաղյան կարգավորումը: Մարդիկ տեսնում են` ինչ եմ արել ես Վաշինգտոնում և հասկանում են` ով է արդյունավետ գործում», հայտարարեց կոնգրեսական Հովարդ Բերմանը:

Հովարդ Բերման, թե Բրեդ Շերման ընտրական դիլեման լուծելու համար, Հայ Դատի հանձնախումբը հանրային բանավեճի էր հրավիրել երկու գործիչներին: Նրանք երկու ժամ պատասխանեցին համայնքի հարցերին` հընթացս ընգծելով սեփական արածներն ու մրցակցի թերացումները: Հրապարակախոս Զանգու Արմենյանի կարծիքով, հայ համայնքին ինքը պետք է կողմնորոշվի` թեկնածուներին լսելով: Համայնքը չի մոռացել, որ երբ 2010 թվականին, ցեղասպանության բանաձևը, վերջին տարիներին առաջին անգամ ընդունվեց ՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարցերի հանձնաժողովում, այդ մարմինը ղեկավարում էր Հովարդ Բերմանը: Միևնույն ժամանակ, այդ բանաձևի համահեղինակներից ու ակտիվ աջակիցներից մեկը Բրեդ Շերմանն էր:

Կոնգրեսականները համայնքին ներկայացրին ոչ միայն անցած տարիներին արածը, այլև թե այսօր ինչ են անում` ապացուցելու նվիրվածությունը հայկական օրակարգին:
«Ես առաջին էի, որ նամակ գրեցի պետքարտուղար Քլինթոնին, նշելով, որ պետք է դադարեցնել Ադրբեջանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին, դադարեցնել նաև ռազմական աջակցությունը այդ երկրին, քանի որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է մարդու իրավունքները`մարդասպանին հերոսացնելով»,-ասաց Հովարդ Բերմանը` հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ: Կոնգրեսական Բրեդ Շերմանն իր հերթին հայտարարեց.

— Ես ողջունում եմ Ստեփանակերտի օդակայանի առաջիկա վերաբացումը: Գիտեմ, որ այն մի քանի անգամ հետաձգվել է` քաղաքացիական օդանավերը խփելու` ազերի պաշտոնյաների սպառնալիքների պատճառով: Ես կոչ եմ անում դադարեցնել ամերիկյան ռազմական օգնությունը Ադրբեջանին, քանի որ նախ` այդ երկիրը բավականին հարուստ է, և երկրորդ` ռազմական կարողությունները չար նպատակների է ուղղում,- շեշտեց Շերմանը:

Մոտեցումների ոչ մեծ տարբերությամբ` երկու դեմոկրատ կոնգրեսականներն էլ խոստացան ընտրվելու դեպքում Վաշինգտոնում հետամուտ լինել հայկական օրակարգի հարցերի լուծմանը: Հովարդ Բերմանը, իբրև խոստումները կատարելու երաշխիք, վկայակոչեց իր մեծ փորձն ու լայն կապերը, Բրեդ Շերմանը` իր ակտիվ կապը համայնքի հետ: Ամերիկահայ համայնքը պետք է ոչ միայն լսի թեկնածուների խոստումները, այլև սկսի հաշվել արած գործերը, ասում է հրապարակախոս Զանգու Արմենյանը:

Թողնել պատասխան

Back to top button