ՀասարակությունՔաղաքական

Հայաստանի նախագահը շնորհավորել է Չինաստանին` կազմավորման 63-րդ տարեդարձի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 63-րդ տարեդարձի կապակցությամբ, այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ դեսպանատուն: Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե հանրապետության ղեկավարը տոնի կապակցությամբ հայ ժողովրդի եւ անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Թիան Չանչունին եւ դեսպանատան անձնակազմին, բարեմաղթանքներ հղել նրանց եւ ի դեմս նրանց` Չինաստանի ամբողջ ժողովրդին: Նախագահ Սերժ Սարգսյանը նաեւ շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոյին: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ջերմ շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ եւ Չինաստանի բարեկամ ժողովրդին ազգային տոնի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 63-րդ տարեդարձի կապակցությամբ: Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ձեւավորված ավանդական բարեկամական հարաբերությունները դինամիկ զարգանում են, ակտիվանում են բարձր մակարդակի փոխայցելությունները, փոխշահավետ համագործակցությունը: Ուրախությամբ ենք արձանագրում, որ քայլ առ քայլ կյանքի են կոչվում 2010 թվականի մեր հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ հանդիպմանը հաջորդած բարձր մակարդակի բազմաթիվ փոխայցելությունները նոր թափ են հաղորդում մեր հարաբերությունների հետագա զարգացմանը եւ խորացմանը: Հայաստանի եւ Չինաստանի միջեւ համագործակցության բոլոր բնագավառներում վերջին տարիներին առկա կտրուկ աճը պահպանելու եւ խթանելու նպատակով պատրաստ եմ Ձեզ հետ միասին, պարոն Նախագահ, ջանքեր գործադրելու մեր երկրների եւ ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերություններն ու ակտիվ գործակցությունն այսուհետ ավելի խորացնելու եւ ամրապնդելու՝ ի շահ մեր ժողովուրդների:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ երջանկություն եւ բարօրություն»:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button