

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը Նյու Յորքում քննարկեցին հաջորդ տարի ԵԽ-ում Հայաստանի նախագահության նախապատրաստական աշխատանքներն ու ՀՀ նախագահության առաջնահերթությունների մշակման գործընթացը, կազմակերպության բարեփոխումներին առնչվող հարցեր, Հայաստան – Եվրոպայի խորհուրդ գործողությունների ծրագրի իրականացումը:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից մարդասպան Սաֆարովին ազատ արձակելուն և հերոսացնելուն՝ ԵԽ գլխավոր քարտուղարը այն անընդունելի որակեց: Այս առումով նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի և կազմակերպության տարբեր կառույցների միանշանակ և միահամուռ դատապարտող արձագանքը:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի և Հայաստանի արտգործնախարարի հանդիպման հիմնական հարցերն էին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը և Դուբլինում կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդի նախապատրաստական աշխատանքները:
ՄԱԿ-ում ՀՀ մշատական ներկայցուցչությունում Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ամերիկայի հրեական կոմիտեի պատվիրակությանը` կառույցի նախագահ դեսպան Աարոն Յակոբի գլխավորությամբ: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հարավային Կովկասի տարաշրջանային զարգացումների, Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացների վերաբերյալ:
Հունաստանի արտգործնախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադարձան Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցությանը և այդ շրջանակներում ընթացող բանակցություններում արձանագրված առաջընթացին: Հունաստանի արտգործնախարարը ներկայացրեց տնտեսական ճգնաժամի հաղթահարման նպատակով ձեռնարկվող քայլերը:
Հայաստանի արտգործնախարարի և Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հանդիպմանն անդրադարձ եղավ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի, տարածաշրջանային և միջազգային զարգացումներին:
Հայաստանի ԱԳ նախարարի և Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի զրույցի ժամանակ անդրադարձ արվեց ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությանը, տնտեսական փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:
Էդվարդ Նալբանդյան հանդիպումներ է ունեցել նաեւ լատինաամերիկյան երկրների արտգործնախարարների հետ։
ՀՀ ԱԳ նախարարը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ- ի Գլխավոր ասամբլեայի 67- րն նստաշրջանի աշխատանքներին։