Հասարակություն

Քննարկվել է վճռաբեկ դատարանի արդյունավետության հարցը

ՀՀ վճռաբեկ դատարանի գործունեության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության և ողջամիտ ժամկետում գործերի քննության խնդիրներն են քննարկվել նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրված խորհրդակցության ժամանակ :

«Մեկ անգամ չէ, որ առիթ եմ ունեցել ասելու, որ դատարանների բնականոն գործունեությանը վերաբերող ցանկացած խնդիր պահանջում է լրջագույն վերաբերմունք: Նման հարցերին վերապահումներով մոտեցումները պարզապես անթույլատրելի են և աններելի: Արդարադատության համակարգի արդյունավետությունը չի կարող և չպետք է կախված լինի կոնկրետ անձանցից կամ այդ անձանց թերի ու անբարեխիղճ աշխատանքից»:

Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ դատարաններում գործերը չպետք է որակի հաշվին արագ քննվեն և հապճեպ որոշումներ կայացվեն, բայց արհեստական ձգձգումներն ուղղակի անթույլատրելի են:

Խորհրդակցության արդյունքում արձանագրվել է, որ գործերի ողջամիտ ժամկետում քննությանը խոչընդոտող սուբյեկտիվ բնույթ ունեցող պատճառներն ամբողջությամբ չեն վերացվել, և դրանք շարունակում են բացասական ազդեցություն թողնել դատավորների ծանրաբեռնվածության վրա:

Ինչ վերաբերում է օբյեկտիվ խնդիրներին, Նախագահը հանձնարարել է կատարել օրենսդրական փոփոխություններ և մի շարք դատարաններում դատավորների ծանրաբեռնվածության վիճակագրական տվյալների ամփոփման արդյունքներից ելնելով՝ ավելացնել դատավորների քանակը: Պատասխանատու կառույցների ղեկավարներին հանձնարարվել է առավելագույն սեղմ ժամկետներում նաև օրենսդրական բնույթի այլ միջոցներ ձեռնարկել դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար:

Թողնել պատասխան

Back to top button