ԿարևորՏնտեսական

Սննդի անվտանգության պետական ծառայությունն ահազանգում է

Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայությունը երեկ հաղորդագրություն է տարածել, որում կոչ է արվում չօգտվել «Թամարա և Անի» և «Դուստր Մարիաննա» ընկերություններ որոշ արտադրանքներից։ «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ «Թամարա և Անի» ընկերության արտադրանք հանդիսացող չափածրարված «Վիտանի» սփրեդը, ինչպես նաև «Դուստր Մարիաննա» ընկերության արտադրանք հանդիսացող ջնարապատ պանրիկը մանրէաբանական ցուցանիշներով չեն համապատասխանում կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի համապատասխան որոշման պահանջներին:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցների կողմից նաև իրականացվել է շուկայահանված ձվի դիտարկում, որի արդյունքում պարզվել է, որ «Երևանի թռչնաբուծական Ֆաբրիկայի» կողմից արտադրված՝ սեպտեմբերի 15-ի արտադրության օրվա մակնշմամբ ձվի խմբաքանակը չի համապատասխանում կճեպի մաքրության ցուցանիշներին, սպիտակուցը ոչ խիտ է, դեղնուցը՝ ոչ կայուն, առկա է հոտ, որը բնորոշ չէ թարմ ձվին:

Ծառայությունը կոչով դիմում է սպառողներին՝ մինչև խախտումները վերացնելու ուղղությամբ կատարվող աշխատանքների ավարտը, պահպանել զգոնություն, ձեռք չբերել և չօգտագործել վերոնշյալ ապրանքները: Առկա թերությունները վերացնելուց հետո Ծառայությունը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ»,-ասված Է գյուղնախարարութան տարածած հաղորդագրության մեջ:

Թողնել պատասխան

Back to top button