Քաղաքական

Միջադեպը միջադեպ չէր. Վայոց ձորի նախկին մարզպետը ՏԻՄ ընտրության մասին

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Սեպտեմբերի 23-ին հանրապետությունում կայացած ՏԻՄ ընտրությունները խաղաղ էլ կավարտվեին, եթե ցնցող միջադեպ չարձանագրվեր Վայոց ձորի Արտաբույնք գյուղում: Այստեղ ընտրության ավարտից հետո՝ արդեն ուշ երեկոյան, ձայների հաշվարկի ժամանակ արձանագրվել էր ընտրական կարգի խախտում:
Լրատվամիջոցներն անմիջապես սկսեցին տարբեր գույներով ներկայացնել, թե ձայների հաշվարկի ժամանակ ընտրատեղամաս է ներխուժել Վայոց ձորի նախկին մարզպետ, ԲՀԿ-ական Սերգո Բագրատյանն իր որդու եւ համախոհներից մեկի հետ, խլել ընտրաթերթիկների մի զանգված եւ փորձել դուրս բերել` այդ ընթացքում հրելով եւ վայր գցելով հսկող ոստիկանին:
Որոշ լրատվամիջոցներ նույնիսկ դա բացատրեցին նրանով, թե Արտաբույնքում ընտրության ձեւավորվող արդյունքները Սերգո Բագրատյանի սրտով չեն եղել: Հետընտրական կրքերը, սակայն, աստիճանաբար սկսեցին մարել Բագրատյանին ոստիկանություն հրավիրելուց եւ բացատրություններ ստանալուց հետո։

Ինքը` Սերգո Բագրատյանը, այս ամենին բոլորովին այլ մեկնաբանություն ունի: Այսօր նրա մասնակցությամբ հրավիրված ասուլիսը չկայացավ։ Նա չէր ներկայացել, սակայն «Ռադիոլուր»-ին համաձայնվեց որոշ պարզաբանումներ տալ:
Ընդգծեց, որ կային մարդիկ, ում ձեռնտու էր նման աղմուկ բարձրացնելը:

«Լատվամիջոցներհն էլ ճշտելու հնարավորություն չէին ունեցել, որովհետեւ այդ գյուղում հետախոսային կապը լավը չէ: Դրա համար այդ մարդիկ արդեն իրենց սեւ գործն արել էին, մինչեւ մենք հերքեցինք»,- ասաց:

Ո՞ւմ էր ձեռնտու այս աղմուկը եւ ինչո՞ւ։ Բագրատյանն անուններ չնշեց եւ իրեն վերագրվողն ուղղեց այլ հասցեատերերի: Ասաց, թե որոշ մարդկանց ձեռտնու չէին ընտրություններից ստացվող արդյունքները, իսկ իրեն անձամբ «ձեռնտու էր այդ արդյունքը: «Եղեգնաձոր քաղաքում` մարզկենտրոնում, մեր թեկնածուն հաղթեց»,- նշեց:

Միջադեպի մասին առավել հանգամանորեն պատմելու խնդրանքին Վայոց ձորի նախկին մարզպետ, ԲՀԿ- ական Սերգո Բագրատյանը պարզապես պատասխանեց, թե առանձնապես ոչինչ էլ չի պատահել:

«Տեղամասում լարվածություն կար, քվեարկությունը երկարել էր մինչեւ  գիշերվա ժամը 3-ը: Խնդրել էին, որ մենք միջամտենք»,- ասաց:

Բագրատյանն ավելացրեց նաեւ, որ քվեաթերթիկներից եւ ոչ մեկը չի պակասել: Հիմա դրանք ընտրատարածքային հանձնաժողովում են: Այլ խնդիր է, որ այս գյուղում հնարավոր է հանգիստ անցած ընտրությունների խառնաշփոթ արդյունքներն անվավեր ճանաչվեն:
Այս հարցով Սերգո Բագրատյանի եւ նրա համախոհների դեմ քրեական գործ չի հարուցվել: Ոստիկանությունից «Ռադիոլուր»-ին տեղեկացրին, որ գործը Հատուկ քննչական ծառայությունում է, դեռ մանրամասներ չեն հաղորդվում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էլ դեռ դեպքի առնչությամբ հստակ դիրքորոշում չի արտահայտել. այն սպասվում է ԲՀԿ խորհրդի առաջիկա նիստից հետո:

Եւ կրկին նախընտրական կրքերի մասին` այս անգամ առաջիկա նախագահական ընտրություններից առաջ:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն այսօր ներկայացրեց իր ղեկավարած քաղաքական ուժի դիրքորոշումը ընդդիմության հնարավոր միասնական թեկնածուի առնչությամբ: Մակեյանը հայտարարեց, որ իրենք կաջակցեն այն քաղաքական կերպարին, ում շուրջ հանրության գնահատականի հիման վրա կձեւավորվի ուժային կենտրոնը: Նա կողմ է անգամ ՀՅԴ- ի թեկնածուին, չնայած քաղաքական այդ միավորումը նա համարում է իրենց համար խրթին ուղղվածություն ունեցող։

 

 

Թողնել պատասխան

Back to top button